«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի անձնական ցուցումով, գործող իրավապահները, որոնք ձեռնպահ չմնացին անգամ համայնքապետի ընտրված թեկնածուներին ձերբակալելու եւ կալանավորելու որոշումներից, այս օրերին անհանգստացնում են նաեւ մյուս ընդդիմադիր համայնքապետերին, որոնք դեկտեմբերի 5-ի ընտրություններին առաջադրվել են ընդդիմության ցուցակներով ու հիմա հրաժարվում են իշխանության թրի տակով անցնել ու կոալիցիա ձեւավորել ՔՊ-ի հետ։
Մեզ ահազանգել են Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի կազմում գտնվող մի շարք համայնքապետեր, որոնք աջակցել են ընդդիմադիր «Հզոր համայնք» կուսակցությանը, եւ հայտնում են, որ վերջին օրերին իրավապահներն իրենցով են հետաքրքրվում: Հավանաբար, որպեսզի կանխեն իրենց համար անցանկալի զարգացումները, եւ նոր ընտրությունների ժամանակ նրանք հեռու մնան ընդդիմությունից»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, 334 դահլիճում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կգումարեն համատեղ նիստ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի ժամանակ կքննարկվեն ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները:
Կառույցի կողմից մասնավորապես ուսումնասիրվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հետևանքով տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ներկայացված հաշվետվությունը: Ըստ այդմ, հաշվետվության մեջ առկա է եղել խեղաթյուրում՝ 1.249.486 հազար դրամի չափով:
Իսկ, օրինակ, էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման եւ մոնիթորինգի ոլորտում առկա է խեղաթյուրում՝ կապված նախարարության կողմից տրված պարգեւավճարների, ինչպես նաեւ հսկողության գործընթացի թերացում՝ կապված թափուր հաստիքների հետ, մասնավորապես՝ քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պետք է հայտարարվեր մրցույթ, ինչը չի իրականացվել»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը վերջին ՏԻՄ ընտրություններից հետո առավել մեծ թափով է իրավապահ համակարգը դարձրել քաղաքական բռնաճնշումների գործիք, բացի ներքին վախերից, ամբողջ պետական համակարգը «զավթելու» անհագ փափագից, ունի նաև այլ՝ ոչ պակաս խորքային պատճառներ: Ամենատարբեր սոցհարցումներով ակնհայտ էր, որ դեռևս մինչև հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը մոտավորապես 30 տոկոսի սահմաններում է:
Վարչական ռեսուրսի հաշվին նա կարողացավ մեծամասնություն ստանալ ու նորից վարչապետ դառնալ: Սակայն ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ նրան մնացել է փաստացի միայն վարչական ռեսուրսը, այսինքն՝ զրկվել է իր համար ամենաթանկ ու կարևոր գործոնից՝ էլեկտորատից: Նա հիանալի հասկանում է, որ այլևս չի կարող խոսել «ժողովրդի աջակցության» մասին»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քննչական կոմիտեի նախագահը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին երեկ պարգեւատրել է «Վաստակի համար» մեդալով: Ամռանն էլ Արայիկ Հարությունյանն էր ՔԿ նախագահի տեղակալ Քյարամյանին «Արիության համար» մեդալով պարգեւատրել:
Սակայն մեդալների եւ պարգեւների նշանակության բաժնում ասված է, որ «Վաստակի մեդալով» «պարգեւատրվում են ՀՀ ՔԿ՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 10 տարի մասնագիտական ստաժ ունեցող եւ ծառայողական հաջողությունների համար պետական եւ (կամ) գերատեսչական պարգեւների արժանացած ծառայողները՝ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու եւ ՀՀ ՔԿ գործունեության ապահովման մեջ զգալի ավանդ ունենալու համար»: Իսկ 30-ամյա Քյարամյանի աշխատանքային կարիերայի մեկնարկը 2013-2014 թթ․-ից է»։