«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում թե՛ այսօր, թե՛ վաղն ավագանու նիստեր են նախատեսված: Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երեւանի ավագանու անդամները, ըստ նախատեսվածի, պետք է քննարկեն եկող՝ 2022 թվականի բյուջեն: Իսկ մյուս օրը՝ դեկտեմբերի 22-ին, ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ ավագանին կքննարկի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: «Ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երեւան քաղաքի ավագանու նիստ՝ հետեւյալ օրակարգով՝ «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագիծ»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բրյուսել յան հանդիպումը կարող է այս տարվա մեջ վերջինը չլինել։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, նախնական պայմանավորվածության համաձայն՝ չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս տարի հանդիպեն ևս մեկ անգամ, ի դեպ՝ դարձյալ ՌԴ-ում։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ եթե այդ հանդիպումը կայանա, ապա այն ամփոփիչ բնույթ է կրելու։ Նախնական տեղեկության համաձայն, նոր հանդիպումը լինելու է ընդլայնված կազմով. պետությունների ղեկավարներից բացի, մասնակցելու են նաև եռակողմ հանձնաժողովի անդամները՝ փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը, Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները և արտաքին գործերի նախարարները»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեւական ժամանակ է՝ Հայաստանում չի բնակվում։ Ընտրություններից հետո նա արտագաղթել է Մոսկվա եւ, ընտանյոք հանդերձ, բնակություն հաստատել այնտեղ։ Մեզ ասացին՝ դեռ ընտրություններից շատ ավելի առաջ էր որոշել մեկնել Հայաստանից, սակայն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը, ընտրությունները ստիպել էին, որ հետաձգի մեկնումը: Սողոմոնյանը վերջին տարիներին դասավանդում էր МГИМО-ում` պարբերաբար մեկնում էր Մոսկվա եւ վերադառնում, հիմա ե՛ւ դասավանդում է, ե՛ւ զուգահեռ գործունեություն է ծավալում ֆիլմարտադրության ոլորտում, գիրք է գրում, ասացին՝ համագործակցում է նաեւ մոսկվաբնակ հայտնի պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի հետ, որի վաղեմի ընկերն է: Համագործակցում է նաեւ Russia Today-ի հետ, որի խմբագիրը Մարգարիտա Սիմոնյանն է»։
«Իրավունք» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարի գլխավոր ինտրիգը, թերեւս կուսակցության նոր գործադիր մարմնի ընտրություններն էին: Պարզվեց` ՀՀԿ ղեկավար կազմի շարքերից դուրս են մնացել պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը, ԱԺ հինգերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը (Տաշիր), տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը: «Իրավունքի» հետ զրույցում ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանն ասաց, որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոն այլեւս չի լինելու, իսկ թե ինչու, կատակեց. «Պարզապես, առաջին տեղակալի պաշտոնը մեր կուսակցության վրա չի գալիս»:
«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները ամեն ինչ անում են համայնքներում իրենց մարդկանց ղեկավար նշանակելու համար։ Գորիսում այլ ելք չունենալով՝ իշխանությունները նոր խորամանկության են ցանկանում դիմել։ Նախ նշենք, որ ամռանը Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում։ Օրենքի 27-րդ հոդվածի առաջին մասը լրացվել է հետեւյալ բովանդակությամբ. 2.1-ին մաս. «2.1. Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»: Սա արվում էր այն բանի համար, որ համայնքներում իրենց մարդիկ ունենան մինչեւ ընտրությունը։ Հիմա էլ իշխանությունները Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ պայքարելու համար մեկ այլ նախագիծ են առաջ քաշել։ Ըստ առաջարկվող փոփոխության՝ եթե համայնքի ղեկավարը կալանավորված է, կամ նրա պաշտոնավարումը անհնարին է, ապա կարող է այլ մարդ նշանակվել հենց իշխանությունների հայեցողությամբ»։