«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԱԾ-ն «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում տեղի ունեցած չարաշահումների մասով քերական գործ է հարուցել: Վերոնշյալ հիմնարկի ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների, քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ ընկերն է՝ Արմեն Գրիգորյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմիններն ուսումնասիրել են հիմնարկի թույլ տված, կոռուպցիոն ռիսկեր ունեցող գործարքները կամ երեւույթները: ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել, օրինակ, այն տեղեկությունը, որ հիմնարկի բեռնատար մեքենաների անվադողերը վաճառքի են հանվել: «ԵԱՍՄ-ն առքուվաճառք իրականացնելու գործառույթ չունի, բայց անվադողերը հանել է վաճառքի: Դրա հետեւում անձամբ հիմնարկի տնօրենն է եղել՝ Գրիգորյանը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզում իշխանություններն այլընտրանքային ճանապարհի կառուցման ուսումնասիրություններ են սկսել: Որոշ տեղեկություններով՝ անգամ աշխատանքներ են իրականացվում։ Խոսքը Ոսկեպարի հատվածում նոր ճանապարհի կառուցման մասին է։ Եվ որպեսզի Սյունիքի պատմությունը չկրկնվի՝ թշնամին գա մաքսակետ տեղադրի մեր ճանապարհներին, արգելելով մի գյուղից մյուսը գնալը, իսկ մենք այլընտրանքային ճանապարհն ավարտած չլինենք, որոշել են Տավուշում ժամանակից շուտ գործի անցնել։ Բայց եթե Սյունիքում թեկուզ բարդ, դժվարանցանելի, բայց գոնե կար այլընտրանքային ճանապարհ, որը պետք էր նորոգել, ապա Տավուշի «վիճելի» հատվածներում ճանապարհը պետք է զրոյից կառուցել՝ փորելով սարերը, ինչը բարդ ու ծախսատար պրոցես է»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանին այսօր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծն է քննարկելու: Նախաձեռնողը ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն է: Իշխանությունը Մարությանին ցանկանում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանով փոխարինել, քանի որ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ «ընկել վատ շրջապատ»: Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում հանդիպում էր ունեցել ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դռնփակ հանդիպումը բավականին թեժ է անցել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատում երեկ համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ ցուցակը գլխավորած Ասլան Ասլանյանը։ Նրան աջակցեց Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով առաջադրված, քաղաքում կիսագողականի համբավ ունեցող Արսեն Հակոբյանը՝ Բառի Արսենը։ Նա հնարավորինս շատ բան է կորզել իշխող ուժից։ Ավագանու անդրանիկ նիստը դեկտեմբերի 17-ին չէր կայացել, քանի որ ՔՊ-ն չէր ուզում բավարարել նրա պահանջները։ Բայց քանի որ Հակոբյանի աջակցությունը միակ շանսն էր ՔՊ-ի համար՝ Արարատում իշխանություն վերցնելու, ուստի առեւտուրը կայացել է»։