«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախարարության ներսում տիրող իրավիճակից: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է նախարարությունում ազատումների գործընթացը: Մասնավորապես, օրերս պաշտոնից ազատվել է խաղաղապահ զորքերի հրամանատար Արտակ Տոնոյանը:
Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան նոր պաշտոն են առաջարկել, իսկ, ահա, նրա փոխարեն պաշտոնի են նշանակել երիտասարդ մի նոր զինվորականի, որը մինչ այդ աշխատում էր ՊՆ հետախուզության վարչությունում: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Արտակ Տոնոյանն ազատվել է այն ժամանակ, երբ մեր խաղաղապահ զորքերը մեկնեցին Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության շրջանակներում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկա օրերին ակտիվորեն նիստեր է անցկացնելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը: Ավելին՝ երեկ արդեն նման մի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի մի մասը տեղի է ունեցել փակ ռեժիմով, որի ժամանակ պատգամավորները Արշամյանից հետաքրքրվել են 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած «Մենք ենք մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքից և այդ գումարների ծախսման մանրամասներից:
Մեզ հայտնի է դարձել, թե ովքեր են մասնակցելու առաջիկա նիստերին: Մասնավորապես, այսօր նիստին մասնակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը, վաղը՝ ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, իսկ արդեն հունվարի 14-ին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը»։
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ողջ ազգը պատրաստվում էր Նոր տարին դիմավորելուն` Երրանի ավագանին հապճեպ անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին և երևանցիների փոխարեն էլ ընտրեց նոր քաղաքապետի` ի դեմս Հրաչյա Սարգսյանի: Եվ քանի որ ժողովրդի թիկունքում գործընթացներն այսպիսի հաջողությամբ ստացվեց հորով-մորով անելը, օրենքով սահմանված կարգով էլ, ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը կազմակերպվեց նոր քաղաքապետի երդմնակալության արարողությունը:
Երդմնակալության արարողությանը ներկա էին Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, անգամ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, մինչդեռ ներկա չէին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Էլ չենք ասում Երեւանի նախկին քաղաքապետների մասին:
Թե ինչով էր պայմանավորված, որ Երևանի քաղաքապետը որոշեց երդվել` առանց հոգևոր առաջնորդների օրհնության եւ երկրի նախագահի ներկայության, ինչը նախկինում երբևէ չի եղել, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Իրավունքի» հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրված եղել են. «Սակայն տեղեկացրել են, որ ինչ-ինչ պատճառներով չեն կարող մասնակցել: Երևանի նախկին քաղաքապետներին հրավեր ուղարկել հնարավոր չի եղել` միայն ժամանակի խիստ սղության պատճառով»: