Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին հայտնել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների առնչությամբ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան:
«ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը չի կարող մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հրապարակային հայտարարությունները: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը և երախտագիտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, նրա համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի աշխատանքին»,- պատասխանել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կասեցնելու է Ղարաբաղի հարցով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։