Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների դելիմիտացիան դիտարկվում է որպես երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման կարևոր տարր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ նա նշել է, որ Ադրբեջանը կողմ է այդ գործընթացն առանց ձգձգումների սկսելուն։
Բայրամովը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացի մեկնարկի համար Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումը մի շարք նախապայմանների առաջադրման առումով անընդունելի են: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին տեղեկացվել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս առանց որևէ պայմանների սահմանազատման գործընթաց սկսելու օգտին:
Նախօրեին Ազգային ժողովում խորհրդարանական ժամի ընթացքում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել, քննարկվում են այն պայմանները, որոնցով հանձնաժողովը կարող է սկսել աշխատանքը: Նա նշել է, որ սահմանին անվտանգության և կայունության ապահովման մեխանիզմների բացակայությունը դժվարացնում է հանձնաժողովի ձևավորման գործընթացը։