Նախագահի հրաժարականը թույլ է տալիս կարծելու, որ ներքաղաքական և արտաքին քաղաքական լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որոնք հարված են Հայաստանի Հանրապետությանը, և Սարգսյանը խուսափում է դրանցից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա Արմեն Սարգսյանին մեղադրեց անգործության մեջ՝ նշելով, որ նրա գործունեությունը, ավելի ճիշտ՝ «անգործությունը, հնարավորություն են տվել կյանքի կոչել այնպիսի բաներ, որոնք ինչ-որ տեղ վճռական են եղել ՀՀ ճակատագրի համար։ Որպես օրինակ՝ Օհանյանը նշեց կադրային քաղաքականությունը ռազմական ոլորտում։
ՀՀ նախագահը, Օհանյանի խոսքով, Սահմանադրությամբ հանդիսանում է Հանրապետության գլուխը և հնարավորություն ունի իր պարտականությունները կատարելու՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխիք հանդիսանալու առումով։ Սակայն ինքը վերջին շրջանում նախագահի կողմից չի տեսել որևիցե գործունեություն, որը կամրապնդեր պետականությունը և կապահովեր պետության անվտանգությունը։
«Կարծում եմ՝ այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել վերջին տարիների ընթացքում, նաև Հայաստանի Հանրապետության նախագահի անգործունեության և նրա լուռ համաձայնության հետևանք են»,- ընդգծեց պատգամավորը։