Հրապարակ օրաթերթը գրում է. «Իշխանության նախագահի թեկնածուին առաջադրել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ երբեմնի խոշոր գործարար, ներկայումս ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Գուցե գաղափարը քննարկվել է նաեւ Բաբկեն Արարքցյանի հետ, որը դարձել է Փաշինյանի ստվերային խորհրդատուն: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Խաչատուր Սուքիասյանն է Փաշինյանին հուշել Վահագն Խաչատրյանի մասին եւ համոզել, որ Փաշինյանի նախնական տարբերակը՝ Արայիկ Հարությունյանը, չափազանց խոցելի թեկնածու է։ Փաշինյանն էլ վարչության նեղ կազմի զրուցարանում անակնկալ է մատուցել, գրելով` եթե Արայիկ Հարությունյանի թեկնածության նկատմամբ դժգոհություն կա, ապա ինքը փոխում է թեկնածուին, եւ ներկայացրել է Խաչատրյանի տարբերակը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Դաշնակցության»՝ մարտին կանալիք ընդհանուր ժողովի ժամանակ ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հնարավոր է, բյուրոյի նախագահ ընտրվի և այդպիսով մեծ քաղաքականություն վերադառնա»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղեկություններ շրջանառվեցին, որ իրավապահ համակարգում ինչոր գործընթացներ են գնում՝ կապված ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումների հետ: «Փաստ» թերթի տեղեկություններով, «խոշորացույցի տակ» ուսումնասիրվում են բոլոր ընդդիմադիրների և ընդհանրապես ընդդիմադիր հայացք ունեցողների գրառումները, սակայն վերջին օրերի այս առանձնահատուկ «ուշադրությունը» Ղազինյանի հանդեպ ուղղորդված է «ամենավերևից»: Բանն այն է, որ ԱԺ-կառավարություն վերջին մի քանի հարցուպատասխանի ժամանակ Արթուր Ղազինյանն իր հարցերով ու գնահատականներով ծանրագույն վիճակում է դրել Նիկոլ Փաշինյանին, ինչից, կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինիս նյարդերը տեղի են տվել, և նա զայրացած ցուցում է տվել կալանավորել Ղազինյանին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների և ՔՊ-ական պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասով ԱԱԾ-ում քննվող քրեական գործը նոր փուլ է թևակոխել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ-ում տեղի կունենա միջադեպի մասնակիցների առերեսումը, այսինքն՝ ընդդիմադիր պատգամավորների օգնականներն ու ՔՊ-ական պատգամավորներն առաջիկայում կհրավիրվեն ԱԱԾ եւ կառերեսվեն դեպքի հանգամանքները պարզելու համար: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին խորհրդարանում միջադեպ էր գրանցվել»:
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում: