«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանի՝ հանրապետության նախագահի պաշտոնից ազատվելուց հետո նախագահի աշխատակազմում ազատումների շքերթ է սկսվել։ Անմիջապես հրապարակվեց, որ դիմում է գրել նաեւ աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։ Էլի մարդիկ են դիմումներ գրել, մյուսները կգրեն առաջիկայում՝ նոր նախագահի ընտրությունից հետո։ Տարասյանին հետեւել են նախագահի երկու խորհրդականները։ Դիմումներ են գրել նաեւ Տարասյանի հետ էկոնոմիկայի նախարարությունից նախագահական տեղափոխված մի խումբ անձինք»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողներին համաներելու գործընթացը նորից սկսվել է։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ այդ հարցի շուրջ քննարկումներն իրավապահ համակարգում նորից մեկնարկել են։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները կարծում են, որ խիստ անհրաժեշտ է համաներման գործընթացը` քրեական գործերի թեթեւացման համար»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը վերջնական որոշում է կայացրել Երևանի «կառավարումը» հանձնել Տիգրան Ավինյանին: Ընդ որում, խոսքը ոչ միայն առաջիկայում սպասվող ավագանու ընտրությունների ժամանակ ՔՊ ցուցակը գլխավորելու, ապա և քաղաքապետ դառնալու մասին է, այլ նաև մինչ այդ ղեկն իր ձեռքը վերցնելու: Այսպիսով, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կվերածվի յուրատեսակ «անգլիական թագուհու», քանզի ի պաշտոնե առայժմ մնալով քաղաքապետ՝ փաստացի որևէ ազդեցություն ու լծակ չի ունենա, իսկ քաղաքի իրական կառավարիչը կլինի հենց Ավինյանը:
Քաղաքապետարանում ու կառավարությունում տարածված կարծիք կա, որ Հրաչյա Սարգսյանը պատժվում է իր ղեկավարին՝ Հայկ Մարությանին «գցելու» և արագորեն քաղաքապետի պաշտոնը ստանձնելու համաձայնություն տալու համար»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արմեն Սարգսյանի հրաժարականից սկսած՝ ԱԺ ընդդիմությունը նախագահի թեկնածուի հարցն է քննարկում։ Սկզբում հակված էին առհասարակ թեկնածու չառաջադրելուն, քանի որ իշխանական մեծամասնության պարագայում դա ձեւական առաջադրում է լինելու։ Սակայն քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ չի կարելի առանց այլընտրանքի թողնել խորհրդարանը, դա լավ շանս է՝ երկրի խնդիրների մասին խոսելու, պայքարի նոր փուլ սկսելու, լուրջ թեկնածուով հանդես գալու։ Ասացին, որ բազմաթիվ թեկնածուներ են դիտարկել։ Ոմանք չեն ընդունել առաջարկը՝ վախեցել են թիրախավորվել իշխանության կողմից։ «Հայաստան» դաշինքում հակված են Վահագն Խաչատուրյանին համազոր թեկնածու առաջադրել՝ նույն ժամանակաշրջանի գործիչ, հանրային դեմք, նախկինում պաշտոն զբաղեցրած, որն ընդունելի կլինի մտածող մարդկանց համար, եւ նրա ֆոնին կերեւա իշխանական թեկնածուի անսկզբունքայնությունը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը նշել էր, որ ՔՊ վարչության նիստում առաջադրված թեկնածուները մի քանիսն են եղել, այդ թվում՝ ինքը: «Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուները հինգն են եղել՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և մեկ կին թեկնածու՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանի թեկնածությանը դեմ է եղել քպականների մեծ մասը, Արամ Սարգսյանի թեկնածությունը առանձնապես շատ չի էլ քննարկվել»:
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում: