«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես նաեւ քաղաքական տարբեր ուժեր պարբերաբար հանրային կարծիքի ուսումնասիրություններ են իրականացնում, որպեսզի պարզեն քաղաքական ուժերի եւ Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը։ Նման ուսումնասիրությունները, որպես կանոն, չեն հրապարակվում, դրանք ներքին օգտագործման համար են։ Մեր տեղեկություններով, վերջերս նման ուսումնասիրություն է կատարվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատվերով։
Հարցման արդյունքները գաղտնի են պահվում, բայց դրանց արդյունքներին ծանոթ անձինք պնդում են, որ պատկերը բավականին ոգեւորիչ է եղել ընդդիմության համար։ Համաձայն այդ հարցումների՝ չնայած անհատ գործիչների մեջ ամենաբարձր վարկանիշն այս պահի դրությամբ էլ ունի գործող վարչապետ Փաշինյանը, սակայն այն էականորեն անկում է ապրել եւ այս պահին 20-25 տոկոսի սահմաններում է ու նվազելու միտում ունի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունններով՝ Երևանի քաղաքապետարանում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն: Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հեռանալուց հետո քաղաքապետարանում ճամպրուկային տրամադրություն է: Քաղաքապետարանի տարբեր վարչության պետերը, իրերը հավաքած, սպասում են՝ ինչ որոշում կկայացնի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ կորոշի պահել, թե աշխատանքից ազատել Մարությանի «կադրերին»: «Քաղաքապետարանում «ստոպ» իրավիճակ է, ոչ ոք չգիտի գլխի գալիքը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի ստեղծած արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի աշխատանքներին Տիգրան Արզաքանցյանի մասնակցությունը պատճառ է դարձել, որ «Ալյանս» կուսակցությունում վերջինիս՝ դեռևս նույնիսկ չկայացած դեբյուտը մոտենա ավարտին:
Եվ ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, Տիգրան Արզաքանցյանը, որն օրերս հայտարարել էր, թե իրեն տեսնում է նախագահի պաշտոնում, առաջիկա օրերին կհեռանա «Ալյանսից»՝ իր հետ «բերած» անձանց ու այլ կուսակցականների հետ միասին, ապա կհայտարարի նոր կուսակցության ստեղծման մասին: Ըստ մեր աղբյուրների, նա փորձելու է կուսակցության խորհրդի նիստ գումարել և իր հետ «տանել» խորհրդի անդամների մի մասին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, ո՞ւմ թեկնածություններն է քննարկել խորհրդարանական ընդդիմությունը՝ հանձին «Հայաստան» դաշինքի, ՀՀ նախագահի պաշտոնի համար։
Մեզ ասացին, որ մեծ թվով անձանց են քննարկել։ Նախ առաջարկել են Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, ով հրաժարվել է առաջադրվել։ Ապա ինքնառաջադրվել է Էդգար Ղազարյանը՝ շեշտելով առաջադրման կարեւորությունը եւ հայտնելով իր պատրաստակամությունը՝ աջակցել ընդդիմության ցանկացած թեկնածուի։ Ապա եւս երկու թեկնածու է քննարկվել՝ թուրքագետ, գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանի եւ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի թեկնածությունները»։