Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող իրավաչափ համարվել։
«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Ղևոնդյանը:
Ընդհակառակը, նման իրավիճակները որոշակի ներուժ ունեն նոր հակամարտություններ և նոր ճգնաժամեր հրահրելու համար, նշել է նա։ Արմեն Ղևոնդյանի խոսքով՝ ՀԱՊԿ անդամ պետությունները ջանքեր են գործադրում կազմակերպության Հավաքական անվտանգության համակարգի ներուժի և միջոցների կատարելագործման ուղղությամբ, ակտիվորեն խորհրդակցություններ են անցկացնում միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ իրենց արտաքին քաղաքական դիրքորոշումները համակարգելու նպատակով:
Դիվանագետը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ն իր գոյության տարիներին դարձել է տարածաշրջանային անվտանգության պահպանման գործոն: Աշխարհում անվտանգության մեխանիզմների դեգրադացիայի ֆոնին կազմակերպությունը՝ որպես բազմաֆունկցիոնալ կառույց, ուղղված է իր անդամների անվտանգության ապահովմանը, ասել է նա։
«Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կարող կանխել պատերազմի նախապատրաստումը, բուն պատերազմը և սպառազինությունների հետագա մրցավազքը։ Դրանում մենք համոզվեցինք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ վերջերս տեղի ունեցած ագրեսիայի ընթացքում մեր տարածաշրջանի օրինակով։ ՀԱՊԿ- ում իր նախագահության շրջանակներում Երևանն առաջարկել է ջանքերը կենտրոնացնել կազմակերպության անդամ պետությունների շահերին առնչվող հարցերի շուրջ համաձայնեցված միջոցառումների մշակման ուղղությամբ համակարգման խորացման վրա:
Հայկական կողմը նաև առաջարկում է արդիականացնել ճգնաժամային արձագանքման մեխանիզմները»,- եզրափակել է Արմեն Ղևոնդյանը: