ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ: Նա նշել է, որ 34 տարի առաջ այս օրերին սկսվեց Ղարաբաղյան շարժումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար:
Նա ընդգծել է, որ Հայաստանում և Արցախում ձևավորված համաժողովրդական շարժումը բացառիկ էր իր հզորությամբ, խորապես ազգային էր և ժողովրդավարական։
«Համաժողովրդական շարժմամբ մեր ժողովուրդը կրկին ցույց տվեց իր միասնությունը, կարևորագույն պահերին որպես մեկ միասնական բռունցք համախմբվելու և վճռականությամբ գործելու կարողությունը՝ հանուն ազգային նպատակների իրականացման: Շարժումը մեր պետականության վերականգնման առաջին քայլը հանդիսացավ, որով վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականությունը:
Այսօր մենք հիշում և մեր գլուխները խոնարհում ենք մեր հերոսների՝ Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում, վերջին երեք տասնամյակներում հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ:
Արցախն այսօր՝ չնայած վիրավոր, սակայն կանգուն է: Այսօր մեր քայլերն ուղղված են ոչ միայն արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, այլև Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, այդ իրավունքների միջազգայնորեն արձանագրմանը»,-ասել է Փաշինյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ հայ ժողովուրդը շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա՝ հանուն իղձերի ու երազանքների իրականացման:
«Միայն այդպես կկարողանանք վառ պահել մեր բոլոր հերոս զավակների հիշատակը: Նրանց սերունդների, մեր ընդհանուր Հայրենիքի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կլինի մեծագույն տուրքը նրանց հիշատակին, որով կերաշխավորվի մեր պետության հարատևությունը, Արցախի իրավունքների միջազգային ճանաչումն ու իրացումը: Այս նպատակների իրացումը պահանջում է հետևողական, շրջահայաց և ազնիվ աշխատանք ու այս աշխատանքի մեջ պիտի լինենք անսասան»,-ասել է Փաշինյանը:
1988-ին փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։
Հենց այդ օրը Երևանում սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության:Իրավիճակը կտրուկ փոխվեց Արցախյան շարժման օրերին՝ 1988 թվականի փետրվարի 20-ից հետո։ Ադրբեջանի ղեկավարները նորամուծություններ մտցրին ահաբեկչական ծրագրերում. նրանք ընդգրկվեցին օմօնականների զինված խմբավորումների մեջ։ Իսկ վայրագ գործողությունները համակարգելու համար Բաքվից Արցախ էին ուղարկվել ավելի փորձառու, արտասահմանյան ահաբեկչական հանգրվաններում մարզված տասնյակ մասնագետներ։ Սպանում, պատանդ էին վերցնում հայ անասնապահներին և անտեր մնացած հոտը, նախիրը քշում-տանում ադրբեջանական գյուղերը, շրջանները։ Փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայ բնակչության ջարդ։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Արցախի Հանրապետությունը, որը և վավերագրվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով: