ՀՀ ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է 34 տարի առաջ այս օրը սկիզբ առած Արցախյան շարժման իրադարձություններին:
«1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը կայացրեց պատմական որոշում` խաղաղ միջոցներով պայքարել արցախահայության նկատմամբ էթնիկ խտրականության և զտումների տասնամյակների քաղաքականության դադարեցման և ինքնորոշման իրավունքի իրացման համար։
1988 թվականի այս իրադարձությունները հիմք դրեցին համահայկական շարժման՝ հանուն սեփական հայրենիքում ազատ, արժանապտիվ և անվտանգ ապրելու և իրավունքների պաշտպանության պայքարի։
Այս իրադարձություններից 34 տարի անց՝ չնայած տեղի ունեցած արհավիրքների՝ Ադրբեջանական ԽՍՀ կողմից իրականացված դաժան ջարդերին, էթնիկ զտումներին, ապա Ղարաբաղյան արյունալի 2 պատերազմներին, Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել համազգային իղձերի իրականացման, պետականության և ինքնիշխանության, արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարում»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
1988-ին փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։ Հենց այդ օրը Երևանում սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության:
Իրավիճակը կտրուկ փոխվեց Արցախյան շարժման օրերին՝ 1988 թվականի փետրվարի 20-ից հետո։ Ադրբեջանի ղեկավարները նորամուծություններ մտցրին ահաբեկչական ծրագրերում. նրանք ընդգրկվեցին օմօնականների զինված խմբավորումների մեջ։ Իսկ վայրագ գործողությունները համակարգելու համար Բաքվից Արցախ էին ուղարկվել ավելի փորձառու, արտասահմանյան ահաբեկչական հանգրվաններում մարզված տասնյակ մասնագետներ։ Սպանում, պատանդ էին վերցնում հայ անասնապահներին և անտեր մնացած հոտը, նախիրը քշում-տանում ադրբեջանական գյուղերը, շրջանները։ Փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայ բնակչության ջարդ։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Արցախի Հանրապետությունը, որը և վավերագրվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով: