«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ ձվի շուկայում նորմայից դուրս գնային տատանումներ են: Պատճառը շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն են, որոնց չեն դիմանում փոքր տնտեսվարողները: Չի բացառվում, որ նրանք առաջիկայում փակվեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակման եզրին է կանգնած նաեւ թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող «Լուսակերտի թռչնաֆաբրիկան»: Մեզ հայտնի դարձավ, որ այսօր ընկերության ղեկավարությունը բողոքի ակցիա է իրականացնելու եւ թվով 8000 հավ նվիրվելու բոլոր ցանկացողներին՝ հույս ունենալով, որ հավերն օրեր շարունակ չկերակրման հետեւանքով չեն սատկի»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին սոցցանցերում և տեղեկատվական այլ հարթակներում ակտիվորեն տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, որ Կիևյան կամրջից «Армия России» գրությամբ պաստառ էր կախված։ Հետո տեղեկություններ շրջանառվեցին, թե իրականում դա «ֆեյք» տեսանյութ է, ոչ մի պաստառ էլ չի եղել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, պաստառն իրականում կախված է եղել, տեսանյութն էլ ամենևին «ֆեյք» չէ: Ավելին, մեր աղբյուրները վստահեցնում են, որ, ի աջակցություն Ռուսաստանի և ռուսական բանակի, այդ պաստառի նախաձեռնությունը պատկանում է խորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկին:
Մենք նաև տեղեկություններ ունենք, որ տեղի ընտրությունն իր մեջ խորհրդանշականություն է պարունակում: Մասնավորաբար, ի սկզբանե որոշված է եղել պաստառը կախել «Հաղթանակ» կամրջից, սակայն ոստիկանները կանխել են: Արդյունքում պաստառը կախվել է Կիևյան կամրջից, ինչն ավելի է ընդգծել խորհրդանշականությունը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որը բավականին հագեցած է. սպասվում է երեք ընտրություն եւ պարտադիր քննարկման քսանից ավելի հարց, այսինքն՝ օրակարգը ուշ կսպառվի։ Այսպիսով, ՀՀ նախագահ կընտրեն վաղը՝ մարտի 2-ին, իհարկե՝ երկրորդ փորձից, քանի որ առաջին փորձի համար անհրաժեշտ 80 ձայն ՔՊ խմբակցությունը չունի։ Թեկնածուն Վահագն Խաչատրյանն է՝ ՀԱԿ նախկին անդամ, ԲՏԱ նախարար: Այսօր կընտրեն նաեւ Վերաքննիչ հանձնաժողովի ժողովի նախագահ. թեկնածուն Ատոմ Ջանջուղազյանն է՝ նախկին ֆիննախարար։ Իսկ, ահա, մարտի երեքին էլ կընտրեն ԿԲ անդամ։ Նշենք, որ զինծառայողների վերաբերյալ միանգամից երկու հարց է օրակարգում՝ մեկը՝ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի, մյուսը ՔՊ ական Հայկ Սարգսյանի հեղինակած»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախը Ռուսաստանի հետ ավելի է սերտացնում հարաբերությունները: Իշխանության ներկայացուցիչներից բացի, մոսկովյան այցեր են իրականացնում նաեւ Արցախի ընդդիմադիր շրջանակները: Անցած շաբաթ Արցախի խորհրդարանի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն են մեկնել Մոսկվա։ «Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում հանդիպում ենք ունեցել հասարակական կազմակերպությունների, քաղաքական եւ մշակութային գործիչների հետ, մասնավորապես կարեւորում ենք Ռուսաստանի Դաշնային խորհրդում տեղի ունեցած հանդիպումը»,- մեզ պատմեց խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական գործով մեղադրյալ, Զինված ուժերին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, նախաքննական մարմնին «գործարք» է առաջարկել: Վերջինս, ասել է՝ եթե ԶՈւ-ին վաճառած հրթիռը անորակ է, ապա թող հետ տան իր հրթիռները, ինքը պետությանը հասցված վնասը կփոխհատուցի, սակայն նրա հայտարարությունը մնացել է օդից կախված: Եւ կարելի է եզրակացնել, որ ՊՆ գեներալներին կալանավորելը առաջնահերթ քաղաքական հրահանգ է, այլապես իրավապահներին առաջարկված «գործարքը» ընդունելի կլիներ»։