ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ իր սուտ խոսքերն այլևս հանրությունը հալած յուղի տեղ չի ընդունում, շատ լավ գիտի, որ չի կարող այնպիսի սուտ ասել, որ մարդիկ գոն մի քիչ հավատան։ Նիկոլ Փաշինյանը պոռթկաց՝ շրջանցելով պարենային անվտանգության մասին շատ կարևոր հարցը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն՝ անդրադառնալով ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած միջադեպին։
«Տեսեք՝ ինչ են ասում, բանակցության սեղանի դրված փաստաթուղթը փորձում են հավասարեցնել կապիտուլյացիոն ստորագրած փաստաթղթի հետ։ Այդ փաստաթուղթը 20 տարուց ավել բանակցությունների սեղանի է եղել, բայց կյանքի չի կոչվել։ Ավելի վատ փաստաթուղթ կյանքի կոչվել է հենց իրենց իշխանության օրոք։ Դա չեն կարողանում մարսել»,- նշեց մեր զրուցակիցը։
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ կառավարության ղեկավարն իր անհավասարակշիռ պահվածքի հետևում վախեր ունի։ Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի ունեցած վախերը կարող են պայմանավորված լինել նաև հանրության արձագանքով։ Պատգամավորը հարց ունի հանրությանը։
«Արդյոք մեր երկրին պե՞տք է այսքան վախերով պատված ղեկավար, այսքան վախերով պատված ԱԺ իշխանական պատգամավորների մեծամասնություն։ Արդյոք իրենք չե՞ն վախենում, որ վախերով իշխանություն ունենալը կարող է բերել հոգեկան և ֆիզիկական հետևանքների, որի ականատեսը մենք եղանք։ Երկրի ղեկավարի նման վարքագիծը շատ վտանավոր տեղ է տանելու, երկիրը տանելու է բռնապետության։ Այստեղ վտանգավորն այն է, որ բռնապետ դառնալու է վախերով պատված անձը»,- նկատեց Կյուրեղյանը։
Հիշեցնենք, որ մարտի 2-ին ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամվոր Հռիփսիմե Ստամբոլցյանը Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ի թիվս այլ թանկացումների ռուս-ուկրաինական պատերազմի աղետալի հետևանքներն ի՞նչ անդրադարձն են ունենալու ՀՀ տնտեսության վրա, մասնավորապես՝ հացահատիկի մասով, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, քանի քանի որ իշխանությունը հանձնել է Արցախի շուրջ 75 տոկոսը՝ թշնամուն թողնելով նաև հացահատիկի պաշարները։
Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց և ասաց․ «Ես հիմա պաշտոնապես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից պահանջում եմ, որ իրենք հրապարակային դիրքորոշում արտահայտեն ի վերջո՝ Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլի, և այդպես շարունակ։ Ընդ որում, ես միանգամից նաև իմ արձագանքն եմ ասում նաև դրան, եթե Սանասար է և ոչ Կուբաթլի, ձեր լիդերները ինչո՞ւ են 20 տարի բանակցել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ընդ որում, դա արել են հրապարակային՝ ձեր ընդունած Մադրիդյան սկզբունքներում գրվել է՝ կետ առաջին, 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին։ Հիմա ասեք, այ դավաճաննե՛ր, խի՞ եք գնացել, հայրենիքը դրել սակարկությունների վրա, որ հացահատիկի գործ անե՞ք, ասե՛ք պաշտոնապես»։
Արձագանքելով Փաշինյանին՝ Հռիփսիմե Ստամբուլյանը նրան զգուշացրեց, որպեսզի Ազգային ժողովում մատ թափ տալով և բարձր տոնով չխոսի պատգամավորների հետ։
Ի պատասխան վարչապետը բացականչեց՝ «Մատ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»։