Շատերի մոտ թյուր կարծիք կար, որ Հայաստանը չի կարող ունենալ ռազմարդյունաբերական համալիր, և ավելի լավ է մեր կարիքները բավարարելու համար գնումներ կատարենք դրսից։ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նրա խոսքով՝ պատերազմը հակառակն ապացուցեց։ Գոնե նվազագույն կարիքները կարելի է հոգալ տեղում իրականացնելով արտադրություն։
Այսպիսով՝ հայկական բանակի սպառազինությունների կազմում կան հայկական արտադրության զինատեսակներ, որոնք ոչնչով չեն զիջում արտասահմանյան արտադրանքին։
«Հայաստանի Հանրապետությունում կան ընկերություններ, որոնք արտադրում են անօդաչու թռչող սարքեր։ Դրանք կհամալրեն մեր բանակի սպառազինությունը։ Համոզված եմ, որ մոտ ապագայում մենք նորից հաջողություններ կգրանցենք, մի քանի նոր տեսակի ԱԹՍ-ների արտադրություն կունենանք և, ինչո՞ւ չէ, նաև կարող ենք ամբողջ պահանջարկը բավարարել։ Ամենակարևորը, որ տեխնոլոգիաների առումով դրանք ամբողջովին տեղական են, որակը համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին։ Հատկապես պատերազմով անցած բանակի պահանջները շատ խիստ են դրված։ Եվ պահանջների պատճառով է, որ որոշակի առումով ուշացումներ եղան»,- ասաց Խաչատուրյանը։
Նշենք, որ Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 13-ին։