Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի մարտի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորդիկ-Բալթիկ մի խումբ երկրների դեսպանների՝ մասնավորապես Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի Էստոնիայի Հանրապետության դեսպան Ռինա Կալյուրանդին, Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Կիրստի Նարինենին, Լատվիայի Հանրապետության դեսպան Ինգրիդա Լևրենցին և Նորվեգիայի դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացմանը և դեմարկացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումների և Հայաստանի վրա դրանց հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների շուրջ:
Կառավարությունից հայտնում են նաև, որ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ հետ ձևավորված համապարփակ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ընթացքում ՀՀ կառավարության ջանքերին սատարելու համար:
Փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ հետ համագործակցությունը նաև մասնավոր հատվածի համար՝ մասնավորապես ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման և բիզնեսների թափանցիկության բարձրացման տեսանկյունից: Շեշտելով, որ ԱԶԲ-ը զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում և Հայաստանի համար կարևորագույն ծրագրերում՝ փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների բովանդակությունն ու հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների և տնտեսության ոլորտներում նախատեսված բարեփոխումներին և այդ շրջանակներում ԱԶԲ հետ հնարավոր համագործակցության զարգացմանը:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԱԶԲ ներգրավվածությունը Հյուսիս-Հարավ ճանապարհային մայրուղու կառուցման ծրագրում: