Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի շրջանակում առաջ քաշած սկզբունքների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հիմքում պետք է ընկած լինի 1992թ․ հուլիսի 8-ի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Ըստ կուսակցության, միևնույն ժամանակ, բանակցությունների շրջանակներում չպետք է մոռանալ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից առնվազն 41 քառ․ կմ բռնազավթման փաստը։
«Այդ տարածքից թշնամու զորքի դուրսբերումը, ինչպես նաև բոլոր ռազմագերիների վերադարձը պետք է լինի բանակցությունների նախապայման։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը անբեկանելի է, այն քննարկման և սակարկման առարկա չէ։
Արտաքին վտանգների, ինչպես նաև աշխարհաքաղաքական տարաբնույթ զարգացումների համատեքստում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված քայլերը պետք է դառնան առաջնահերթություն։ Հզոր ու զարգացած Հայաստանի Հանրապետությունը այլընտրանք չունի»,-նշվում է հաղորդագրության մեջ։