«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն այնքան է կտրվել ժողովրդից եւ չի վայելում նրա աջակցությունը, որ մարտի 27-ին Վեդիի ընտրությունների նախընտրական եզրափակիչ հավաքը Գարիկ Սարգսյանը որոշել է անցկացնել ոչ թե հրապարակում, այլ ամֆիթատրոնում, որտեղ սահմանափակ թվով մարդիկ կարող են մասնակցել, եւ որոնց, բնականաբար, կընտրեն իրենց համակիրներից, պետական ու համայնքային ծառայողներից։ Հավաքը կկայանա մարտի 25-ին, Վեդու քաղաքային ամֆիթատրոնում, ժամը 12:00-15:00-ն։
Խորհրդանշական է, որ նույն օրը, գրեթե նույն ժամին իշխանության մրցակից «Իմ հզոր համայնք» կուսակցությունը բացօթյա հավաք, ապա երթ է անելու»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջիկայում (գուցե հենց այսօր) նիստ է հրավիրելու, որին անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, քննարկելու է եկող շաբաթ մեկնարկող խորհրդարանական քառօրյայի օրակարգն ու հստակեցնելու, թե որ նախաձեռնության մասով ինչ դիրքորոշում պետք է որդեգրեն:
Տեղեկացանք նաեւ, որ ՔՊ-ական պատգամավորները հակված են նաեւ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ փակ նիստ հրավիրելու»։
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանին այլեւս չի հետաքրքրում ոչ դիվանագիտությունը, ոչ քաղաքականությունը՝ «Ես ինձ լրիվ դուրս եմ մղել թե դիվանագիտությունից, թե քաղաքականությունից, ես հիմա շարքային քաղաքացի եմ, ինձ չի հետաքրքրում որեւէ քաղաքական, դիվանագիտական հարց»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Բաղրամյան պողոտայով զբոսնող, նախկին նախարար Արա Այվազյանը»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2021թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով սկսվել է քննարկումների փուլը՝ հասկանալու համար, թե ի վերջո ում կամ ինչու պետք է մեղադրանք առաջադրվի:
Ինչպես հայտնի է, այդ օրը խորհրդարանում վիճաբանություն էր տեղի ունեցել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորների եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջեւ: Ավելին, ԱԱԾ-ն արդեն հարցաքննել է ՔՊ խմբակցության պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանին եւ Արմեն Խաչատրյանին:
Ի դեպ, քրեական գործով ԱԱԾ-ն նաեւ հարցաքննել է Ազգային ժողովի աշխատակազմի տասնյակից ավելի աշխատակիցների: ԱԱԾ-ում արդեն միջադեպի բուն պատճառը հայտնի է. միջադեպը եղել է Հրաչյա Հակոբյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի միջեւ ոչ հաճելի դիմելաձեւի եւ արտահայտությունների հետեւանքով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մտադիր է օրենքը շրջանցելով՝ Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։ Բանն այն է, որ քաղաքի ղեկավար ընտրելը կասեցրել են, եւ քաղաքը դարձել է անկառավարելի։ Օրինակ, ապրիլի 1-ից ավարտվում է աղբահանություն իրականացնող ընկերությունների հետ կնքված պայմանագրի ժամկետը, եւ եթե համայնքը չունենա ղեկավար, գնումներ չիրականացվեն, նոր պայմանագրեր չկնքվեն, Վանաձորում հնարավոր չի լինի օրենքի շրջանակում իրականացնել աղբահանություն։
«Մամիկոն Ասլանյան դաշինքի» ավագանու անդամ Արթուր Օհանյանը մեզ ասաց, թե իրենք եւս լսել են, որ ուզում են ԺՊ նշանակել, բայց հույս ունեն, որ այդքան բացահայտ օրենքը չեն խախտի»։