ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նոր է վերադարձել Արցախից։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա մանրամասներ է ներկայացրել։
Պատգամավորը մանրամասնեց, որ իրենց խմբակցության պատգամավորները եղել են Խրամորթ, Խնապատ գյուղերում։
Գեղամ Մանուկյանի դիտարկմամբ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը մինչև հիմա իր բացասական, սարսափելի հետևանքներն է ունենում։
«Ասկերանի բնակավայրերի համար գյուղանտեսական աշխատանքները խիստ կարևոր են։ Այգիների մի կարևոր մասն անցել է թշնամու ձեռքը, մյուսներում էլ, որոնք հայկական կողմի տիրապետության տակ են, թշնամին խանգարում է աշխատանքներ իրականացնել, ամբողջությամբ պարապուրդի են մատնվել։ Բնականաբար, գյուղատնտեսական հետագա ամբողջ աշխատանքներին մեծ հարված է հասցվելու»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։
Գեղամ Մանուկյանի փոխանցմամբ՝ Արցախի բնակիչներին անհանգստացրել են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունները։
Նա մատնանշեց, որ ադրբեջանական կողմն ամեն քայլափոխի օգտագործելու է Աղաջանյանի, Միրզոյանի հայտարարությունները։ «Արարատ Միրզոյանը կամ Հայաստանի դիվանագիտությունը, կամ նրանց խորհրդարականներն ուղղակի անգրագետ են։ Արարատ Միրզոյանը դասական անգրագիտության օրինակ է ցույց տվել «Արմենպրեսին» տված իր հարցազրույցում. դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ որևէ փաստաթուղթ չի ստորագրել։ Նույնիսկ այդքան անգրագետ է։ Նրանց ամեն անգրագետ խոսք հետո թշնամին օգտագործելու է տարբեր դիվանագիտական հարթակներում»,- ընդգծեց բանախոսը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև հավելեց, որ հանդիպել են Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, Արցախի ԱԺ նախագահի, ինչպես նաև պատգամավորների հետ, սակայն, Մանուկյանը ձեռնպահ մնաց հանդիպումներից որևէ տեղեկատվություն փոխանցելուց։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը ականանետեր է կիրառում Ասկերանի շրջանի Խրամորթ, Խնապատ գյուղերի ուղղությամբ՝ բնակիչներին հորդորելով լքել տարածքը։
Ադրբեջանը պայթեցրել է գազատարը։ Այժմ բանակցություններ են ընթանում գազատարի վերականգնման աշխատանքների ուղղությամբ։