Այսօր Վեդի համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել հանդիպում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների, նախընտրական շտաբների պատասխանատուների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի, վարչության անդամ Արսեն Թորոսյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Գարիկ Սարգսյանի Facebook-ի էջից։
Նշենք, որ մարտի 27-ին Վեդիում տեղի են ունենալու ավագանու արտահերթ ընտրություններ։
Հիշեցնենք, որ 2021թ. դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո որևէ քաղաքական ուժ այստեղ մեծամասնություն չդարձավ, համայնքային իշխանություն չձևավորվեց: Որոշվեց արտահերթ ընտրություններ անցկացնել:
Այս անգամ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները: Ընտրապայքարից հրաժարվել է դեկտեմբերի 5-ին 16,39% քվե ստացած «Հանրապետություն» կուսակցությունը:
ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Գարիկ Սարգսյանը, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության առաջին համարը Սպարտակ Թարթիկյանն է:
Հիշեցնենք նաև, որ 2021թ. դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ Գարիկ Սարգսյանը գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Վեդու ընտրություններում ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 43,06%, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 38,21 %, իսկ «Հանրապետությունը»՝ 16,39%:
Նկատենք, որ հունվարի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարիկ Սարգսյանին նշանակեց Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Գարիկ Սարգսյանը Փաշինյանի հեղափոխական թիմից է, եղել նաև Արարատի մարզպետ։