Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս ունի, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջիկա հանդիպումն արդյունավետ կլինի:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին նա հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք պետք է շարժվենք դեպի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ, խաղաղ պայմանագիրը պետք է ստորագրվի ամենակարճ ժամկետում»,-ասել Է Ալիևը: Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտարարում է, որ ընդունում է Բաքվի առաջարկները և դա լավ նշան է:
«Դա շատ լավ է, և ես հույս ունեմ, որ Բրյուսելում իրավիճակը կպարզվի։ Մեր ներկայացրած հինգ սկզբունքները արտացոլում են միջազգային իրավունքի նորմերը և միջազգային պատշաճ վարքագիծը։
Ինչպես ասում են, մենք այստեղ հեծանիվ չենք հայտնագործում։ Բոլոր այդ սկզբունքները միջպետական հարաբերությունների հիմնական սկզբունքներն են ցանկացած երկրների միջև։ Տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչում, իսկ հետո սահմանների դելիմիտացիա, կարծում եմ, որ այդ հիմքի վրա Կովկասում խաղաղություն կհաստատվի։ Մենք ցանկանում ենք դա։ Իհարկե, այդ բոլոր հարցերը պետք է լուծել շատ զգուշավոր եւ ժամանակին»-ասել է նա։
Իր հերթին Զբիգնև Ռաուն հույս է հայտնել, որ հակամարտությունը շուտով կկարգավորվի՝ ներկայիս իրավիճակը համարելով խոստումնալից:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 11-ին Անադոլու գործակալությանը հայտնել էր, որ Ադրբեջանը Հայաստանին հինգ կետից բաղկացած առաջարկ է ուղարկել: Ադրբեջանը մարտի 14-ին հրապարակեց այդ սկզբունքները: Ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար են Արցախի հայերի իրավունքների և ազատությունների հստակ երաշխիքները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը։