Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի, 2020 թ. 44-օրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Նախագահը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմը։
Հիշեցնենք, որ 6 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, նենգաբար հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։
4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման փորձեր ձեռնարկեց՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ։ Սակայն, կրելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ և չհասնելով առաջադրված նպատակներին, ադրբեջանական կողմը, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, ստիպված եղավ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այնուամենայնիվ, Արցախի սահմանամերձ բնակավայրերի թիրախավորումը շարունակվեց մինչև ապրիլի վերջ։