«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում հայտնվելու համար իշխող կուսակցության ու ԱԺ համանուն խմբակցության ներսում թեժ քննարկումներն ու քչփչոցները շարունակվում են։ «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ էր գրել, որ բաղձալի վարչության 15-յակում (վարչության կազմը 21-ից 15 է դառնալու) համար «պայքար են մղում» բոլորը՝ հին ու նոր ՔՊ-ականները։
ՔՊ վարչության այժմյան անդամներից, օրինակ, Արման Բոշյանը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, չի ցանկանում ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել։ «Ինչպես պատգամավորի մանդատից հրաժարվեց, այնպես էլ ՔՊ վարչությունն է ցանկանում լքել, գլուխը հանգիստ ապրել։ Վարչության կազմում չի լինի նաեւ Սիփան Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին, որ 44-օրյա պատերազմից հետո այլ երկիր էր տեղափոխվել ու խզել կապերն անգամ ամենամտերիմ թիմակիցների հետ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանը լայն թափով լծվել է Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Սյունիքից մեզ հայտնում են, որ այլընտրանքային ճանապարհը, որը պետք է անցնի Տեղի, Խնձորեսկի տարածքով, գրեթե ավարտին է հասնում, մոտ մեկ ամիս առաջ էլ Խնձորեսկ համայնքի տակ՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում, ադրբեջանցիները հենակետ են տեղադրել, մի փոքր հեռու էլ մաքսակետ են կառուցում։
Այլընտրանքային ճանապարհի շինարարությունը նախատեսված է եռակողմ հայտարարության պայմաններով։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թ․ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասված է․ «Հայաստանի Հանրապետությունը մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միեւնույն ժամանակ չի շոշափի ք. Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ծնվածների թիվը պակասել է: Օրաթերթը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին ծնվածների թիվը կազմել է 5294, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 5533, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 5344: Բացի այս, պակասել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 81-ից հասնելով 58-ի:
Մյուս բացասական նորությունը. Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել: ՀՀ վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին ամուսնալուծության դեպքերը կազմել են 740, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծություններն ավելացել են 161-ով: Մյուս կողմից՝ պակասել են նաեւ ամուսնությունները՝ 2020-ի հունվար-փետրվար ամիսներին՝ 2471, 2021-ի հունվար-փետրվարին՝ 2870, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2625»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը վաճառել է «Կոտայք» գարեջրի գործարանը։ Մեր տեղեկություններով, գործարքը կայացել է 5 միլիոն դոլարով։ Գնորդը գործարանն աշխատեցնողն է՝ Գարիկը։ Բայց մի նրբություն կա՝ գնորդը նաեւ Խաչատուր Սուքիասյանի գործընկերն է, նրա հետ միասին վառելիքի ներկրմամբ է զբաղվում։
Մենք տեղեկացանք, որ գումարի վճարման հետ կապված ինչ-որ խնդիրներ են եղել, որոնք արդեն լուծվել են, եւ գործարանն ամբողջությամբ անցել է նոր սեփականատիրոջը։ Մեր աղբյուրն ասում է, որ եթե հարմար առաջարկներ լինեն, Ծառուկյանն իր մյուս բիզնեսները եւս պատրաստ է վաճառել եւ գումարները հանել Հայաստանից։
Ճիշտ է՝ այսօր նրան իշխանությունը ձեռք չի տալիս, բայց այս տարիներին այնքան են խանգարել՝ Աբովյանում բնակարանաշինության, Կեմպինսկիի հյուրանոցի, Արարատում սիլիցիումի գործարանի կառուցման հետ կապված, որ նա չի ուզում այլեւս փող ներդնել եւ գործունեությունն ընդլայնել Հայաստանում։ Անգամ հնարավոր է ներդրումներ անի Ռուսաստանում, որտեղ, արեւմտյան բիզնեսի հեռանալուց հետո, գործունեության լայն դաշտ է բացվել»: