Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
ԱԳՆ-ն այս հանդիպումը համարում է «կարևոր քայլ տարածաշրջանային անվտանգության հարցում»։
«ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է տարածաշրջանի ապագա զարգացումն ապահովելու խաղաղության և անվտանգության պայմաններում և բխում է Բաքվի շահերից»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ն նշում է, որ հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնարարել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարներին սկսել աշխատանքը ապագա խաղաղության պայմանագրի շուրջ՝ հիմնված մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից ներկայացված նախաձեռնության և ներկայացված հիմնարար սկզբունքների վրա։
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել պետական սահմանի սահմագծմանշման և սահմանազատման հարցերով համատեղ սահմանային հանձնաժողով։
«Հանդիպման ընթացքում Ալիևը, Միշելը և Փաշինյանը շեշտել են հումանիտար միջոցառումների կարևորությունը կողմերի միջև խաղաղության և վստահության ամրապնդման գործում՝ ներառյալ անհետ կորածների հետ կապված հարցերի լուծումը, ականազերծման անհրաժեշտությունը և նշել, որ ԵՄ-ն կաջակցի մարդասիրական ականազերծմանը։ Ղեկավարները նաև նշել են երկու երկրների միջև տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացման կարևորությունը։ Հաստատվել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև ապրիլի վերջ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ԱԳ նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: