Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման նախապատրաստման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման և ընդհանուր առմամբ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող բոլոր աշխատանքների հիմքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններն են։
Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ապրիլի 6-ին Բրյուսելում հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։
Լավրովը հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերին Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են սահմանազատման հանձնաժողով ստեղծել։
«Պարոն Միշելի տարածած հայտարարության մեջ նշվում է հանձնաժողովի ստեղծման ամսաթիվը՝ ապրիլի վերջը։ Ես իմ գործընկերոջը (ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան-խմբ.) հարցրի, թե դա ինչպես է համապատասխանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին։ Նա պատասխանեց, որ իրավիճակն այս ուղղությամբ զարգանում է։
Մեր եվրոպացի գործընկերները Բրյուսելում պետք է հասկանան, որ այդ ալիքն արդեն ստեղծվել է երեք առաջնորդների կողմից 2020 և 2021 թվականներին, և ես հույս ունեմ, որ նրանք խոչընդոտներ չեն ստեղծի այս ուղղությամբ»,- ընդգծել է Լավրովը։
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ Ռուսաստանի մասին ընդհանրապես խոսք չկա։
«Ուրեմն ի՞նչն է ավելի կարևոր Եվրամիության ղեկավարության համար՝ զարգացնել ձեռք բերվածը, թե՞ օգտագործել Ղարաբաղի հարցն իրենց ռուսաֆոբ շահերից ելնելով: Տխուր է. Ռուսաստանը երբեք չի զոհաբերի իր մերձավոր դաշնակիցների շահերը ինչ-որ աշխարհաքաղաքական, առավել ևս քարոզչական ծրագրերի ու խաղերի համար։ Մենք լիովին հավատարիմ ենք օգնելու Հայաստանին և Ադրբեջանին նորմալ կյանք հաստատել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովն ընդգծել է, որ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ երկուստեք հաստատվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների որոշումները, որ ռուսական կողմի խորհրդատվական մասնակցությամբ սահմանազատման երկկողմ հանձնաժողովը մնում է ուժի մեջ, «ոչ միայն այն պատճառով, որ մենք ունենք քարտեզներ, որից պատրաստ են օգտվել Հայաստանն ու Ադրբեջանը, բայց նաև այն պարզ պատճառով, որ մեր դարավոր համատեղ բնակությունը այս տարածքում թույլ է տալիս հուսալ, որ այս ձևաչափով նման հարցերն ավելի արդյունավետ կլուծվեն»։
Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Մոսկվայում է՝ ապրիլին նախատեսված Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների գագաթնաժողովի նախաշեմին։ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը փակ զրույցից և ընդլայնված կազմով հանդիպման արդյունքում ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2022-2023 թթ. համար խորհրդատվությունների ծրագիրը։