«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին փոխվարչապետ, Երեւանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանն արդեն սկսել է ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Վերջին օրերին նա ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր անձանց եւ կուսակտիվի հետ։ Նախորդ օրն Էրեբունիում էր, մի քանի օր առաջ՝ Արաբկիրում, մեդալ էր շնորհում Տիգրան Մանսուրյանին եւ այլն։
ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ, Երեւանի ընտրությունները կարող են այս տարի կայանալ, գուցե անգամ՝ մինչեւ աշուն, քանի դեռ կուսակցությունը որոշակի ռեյտինգ ունի։ Բայց ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չի ընդունվում Ավինյանի թեկնածությունը՝ շատերը կարծում են, որ նա չի անցնի։
Ավինյանին դեմ է, մասնավորապես՝ Խաչատուր Սուքիասյանը, ով վիրավորված է Փաշինյանից, որ նա 33-ամյա Ավինյանին նախընտրել է իրենից»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ իշխող թիմի ներսում տարաձայնությունների պակաս չկա։ Ավելին, իշխող թիմում գնալով էլ ավելի է խորանում գոյություն ունեցող բևեռացումը և միմյանց նկատմամբ խոր անվստահությունը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, բանը հասել է նրան, որ առանձին քպականներ խորհրդարանում որոշ դեպքերում անգամ ընդդիմադիր պատգամավորների մոտ են դժգոհում իրենց թիմակիցներից՝ բողոքելով հատկապես ցինիկ ու մեծամիտ պահվածքից։
Նրանք դժգոհ են, որ առանց այդ էլ դժվար են «մարդամեջ» դուրս գալիս, իսկ իրենց մի շարք թիմակիցների նման պահվածքից ուղղակի «գետինն են մտնում»: Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանական պատգամավորները շատ հաճախ անգամ խուսափում են միմյանց հետ ուղղակի շփումից։
Ավելին, ըստ տեղեկությունների, իշխանության խորհրդարանական «սաստավում» իսկական հիերարխիկ աստիճանակարգություն է տիրում։ Պարզվում է, որ թիմի ներսում կան «տասնապետներ», որոնք ունեն իրենց առանձին բլոկները և հիմնական քննարկումներն անցկացնում են հենց այդ ձևաչափով, նրանք ընդհանուր իշխանական քաղաքականության և քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն սեփական «մինի թիմային» մոտեցումները։
Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրն էլ փոխանցել է, որ, ճիշտ է, ընդհանուր թիմն առայժմ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին, ավելին, այս ներքին «գզվռտոցները» ձեռնտու են նրան, սակայն, ըստ առկա տրամադրությունների, դա ժամանակավոր է բնույթ է կրում և ցանկացած պահի կարող է վիճակն անվերահսկելի դառնալ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած պատերազմի սպառնալիքը շարունակում է կախված մնալ Հայաստանի եւ Արցախի գլխին, ինչի մասին անցած շաբաթ կառավարության նիստում ահազանգեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն դա չի խանգարում, որ իշխանությունը սեւեռվի համայնքները զավթելու գործի վրա։ Այսօր ՔՊ-ական սյունեցի պատգամավորներն ու կուսակցության վարչության անդամներից մի քանիսն այցելելու են Սյունիքի մարզ, մասնավորապես, լինելու են Գորիսում, Սիսիանում, Կապանում, Քաջարանում։
Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այցի նպատակը կուսակցական ակտիվի հետ հանդիպումն է, կուսակցական աշխատանքները եւ մասնավորապես աշնանը մարզում սպասվող ՏԻՄ ընտրությունները։ Բանն այն է, որ Քաջարանում եւ Սիսիանում լրանում է համայնքապետերի պաշտոնավարման ժամկետը, եւ ՔՊ-ական ակտիվն ամիսներ առաջ լծվել է այդ համայնքները նվաճելու գործին, աշխատանքի բաժանում է կատարել, մարզային ակտիվին մոբիլիզացրել, որ այս համայնքները չարժանանան Գորիսի, Կապանի եւ Սյունիքի մյուս համայնքների ճակատագրին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունն ընդդեմ լրագրողների հերթական օրինագիծն է շրջանառել: Արցախի ու Հայաստանի անվտանգության, երկրի սահմանների պաշտապանության, աղետալի պատերազմի հետեւանքով առաջ եկած ու չլուծված, բանակն օր առաջ վերազինելու հարցերը թողած՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցերը, խոսքները մեկ արած, թևքերը քշտել, լրագրողներին են անցել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանն են «գլուխգործոց» նախագծի հեղինակը, ըստ որի՝ պետական գերատեսչությունները կարող են որոշել՝ լրատվամիջոցը ներկայացնող լրագրողներից ով կարող է հավատարմագրվել պետական կառույցում, ով՝ ոչ: Ավելին՝ ցանկացած պահի հղում անելով կարգապահական ինչ-ինչ դրույթների՝ կարող են դադարեցնել լրագրողի հավատարմագրումը: Նախկին լրագրողների (նրանց մասնագիտական որակի մասին գնահատականներ տալուց զերծ ենք տալիս) մի ստվար բանակ մեկտեղած իշխող ուժը՝ ՔՊ-ն, կուսակցության ծրագրի մեջ ասես չգրված դրույթ ունի, ըստ որի՝ ամեն գնով պետք է փորձի հալածել լրագրողներին ու խոչընդոտել նրանց աշխատանքը: 2018-ի իշխանափոխության օրերին, սակայն, «արդարադատները», կոկորդները պատռելով, խոսում էին թափանցիկ, անկաշկանդ ԶԼՄ-ների ու լրագրողների իրավունքների մասին:
Լրագրողն, իհարկե, պետք է ու պարտավոր է հետևել լրագրող-պաշտոնյա էթիկետի գրված ու չգրված բոլոր նորմերին, զուսպ լինի թե՛ վարքի, թե՛ ձևակերպումների մեջ, տարբերի վիրավորանքն ու քննադատությունը, քաղաքական գործընթացների սուբյեկտի չվերածվի ու փորձի պահել անկողմնակալության նշաձողը, սակայն այն, ինչ անում են մեօրյա իշխանավորները, պարզապես մանրախնդրություն է»։