Կիևը, հրաժարվելով Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, այդ գործընթացը վերադարձրեց փակուղային իրավիճակի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո։
«Ստամբուլում ձեռք է բերվել պայմանավորվածությունների որոշակի մակարդակ, որոնք վերաբերում էին Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին՝ մասնավորապես, որ դրանք չեն տարածվի Ղրիմի, Սևաստոպոլի և Դոնբասի տարածքում։ Այնուհետև շարունակվել են պայմանագրային գործընթաց սկսելուն ուղղված մեր աշխատանքները։ Բայց փոխարենը մենք բախվեցինք Բուչայի սադրանքի հետ, և որ ամենակարևորն է՝ ուկրաինական կողմը հետ քաշվեց Ստամբուլում իր պայմանավորվածություններից։ Այժմ անվտանգության պահանջներն արդեն այլ բան են ենթադրում, իսկ Ղրիմի, Սևաստոպոլի և Դոնբասի հետ կապված հարաբերությունների կարգավորման հարցերը դուրս են մղվում այդ պայմանավորվածությունների շրջանակներից։ Այսինքն, կրկին վերադարձել ենք բոլորիս համար փակուղային իրավիճակի»,- ասաց նա։
Պուտինը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ պլանի:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանն սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն Է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: