Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել։ Դրա կարևորագույն շահառուն Արցախի ժողովուրդն է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով լրագրողի՝ Արցախի ԱԺ-ի երեկվա հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։
«Մեր արցախցի գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, հակառակ պարագայում ես որևէ բացատրություն չեմ կարող գտնել այդ հայտարարության հիմքում»,- ասաց Աղաջանյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե առաջնային է Արցախի ժողովրդի իրավունքների իրացման հարցը, հետո միայն կարգավիճակը, ապա, ըստ Աղաջանյանի, Հայաստանի դիրքորոշումը մշտապես եղել է հենց այդպիսին։
«Հայաստանի Հանրապետության համար Արցախի հիմնախնդիրը երբեք տարածքային վեճ չի եղել, այլ եղել է Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապահով ապրելու իրավունքի իրացման խնդիր։ Փաստորեն կարգավիճակը մշտապես եղել է միջոց․ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը միշտ էլ այսպիսին է եղել»,- ընդգծեց պատգամավորը։
Աղաջանյանը մեկնաբանեց նաև Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին հայտարարությունը։
Հայաստանը, նրա խոսքով, բանակցային գործընթացի 30 տարվա ընթացքում եղել է դիվանագիտական մեկուսացման մեջ՝ պայմանավորված Արցախի կարգավիճակի հարցում իր կողմից դրվող նշաձողով։
«Մենք բոլորս տեսանք այս մեկուսացման հետևանքները 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Ժամանակն է հետևություն անել մեր սխալներից և շարժվել իրատեսական նկատառումներով, որոնցով պայմանավորվածъ ՀՀ իշխանությունները կարևորում են միջազգային հանրության հետ նույն մակարդակում լինելը»,- ընդգծեց պատգամավորը։