«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կոչին արձագանքել և Ազատության հրապարակ էր եկել նաև ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Տեղում աշխատող լրագրողներին զարմացրեց Անանյանի ներկայությունը և փորձեցին ճշտել միացե՞լ է անժամկետ բողոքի ակցիային, թե՞ ոչ։
Նախ լրատվամիջոցների ներկայացուցիչները հետաքրքրվեցին, թե ինչու է եկել։
Դավիթ Անանյանը պարզաբանեց՝ Արթուր Վանեցյանն իր ընկերն է, եկել է ողջունելու նրա նախաձեռնությունը։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իրեն մտահոգում է երկրում տիրող իրավիճակը, արձագանքեց․ «Եթե գտնենք ինչ-որ մեկին, որին չի մտահոգում, այդ մարդուց հեռու մնացեք։ Մարդկային լեքսիկոնում երևի թե չկա այնպիսի բառ, կամ բառակապակցություն, որոնք ավելի ճշգրիտ կբնորոշեն այն, ինչ մենք ունենք։ Իրավիճակը, մեղմ ասած, լավը չէ»։
Նրա դիքորոշմամբ՝ իշխանափոխությունը պետք է լիներ կամովին նոյեմբերի 10-ի առավոտյան։
Շրջանցվեցին նաև տնտեսական հարցերը։
Նրա խոսքով՝ հայ-թուրքական սահմանը բացելուց հետո ցածր արժեքով թուրքական ապրանքները կսփռվեն ՀՀ շուկայում, և Հայաստանը կդառնա թուրքական ապրանքների ևս մի շուկա։
ՊԵԿ նախկին նախագահը նշեց, որ ՀՀ–ն այնքան ուժեղ չէ, որպեսզի վերահսկի թուրքական ապրանքների վաճառքը Հայաստանում, ուստի հենց Թուրքիան է այդ վերահսկողը լինելու։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։