ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների դիվանագիտական ակտիվությունը մեծապես աճել է և փաստացի կաթվածահար է արել երեք միջնորդների երբեմնի համակարգված աշխատանքը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք արձանագրել ենք Բրյուսելի անհաշտ փորձերը՝ յուրացնելու ռուս-ադրբեջանա-հայկական բարձր մակարդակի պայմանավորվածությունների առարկան և անցյալ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած օրակարգը»,- մասել Է Զախարովան:
Նա ընդգծել է, որ Մոսկվան որպես հիմք է դիտարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները։
«Մենք շարունակում ենք մեր ակտիվ աշխատանքը Բաքվի և Երևանի հետ բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցման շուրջ», ասել Է Զախարովան՝ հավելելով, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը քննարկվել են նաև Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում:
«Մենք նաև ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներս Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ երրորդ աշխատանքային խմբի հերթական նիստն անցկացնելու մասին»,- ասել է Զախարովան:
Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա, ինչպես նշել է ռուս դիվանագետը, մինչև ընթացիկ շաբաթվա վերջ Բաքվում հանդիպումներ են նախատեսված ԱԳՆ գծով․ «Մարտի 28-ին և ապրիլի 25-ին Երևանում ու Բաքվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի հարցերով կայացել են ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի խորհրդակցությունները: Մենք արձանագրում ենք միմյանց ընդառաջ շարժվելու երկու կողմերի պատրաստակամությունը, այդ թեմայով բարձր մակարդակի եռակողմ շփումներ են մշակվում»,- նշել է Զախարովան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վաշինգտոնին և Փարիզին մեղադրել էր այն բանում, որ նրանք Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին դադարեցրել էին Մոսկվայի հետ բոլոր շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռանախագահության շրջանակներում: Արդյունքում Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը իր աշխատանքը շարունակում է նոր կարգավիճակում՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ։