Ապրիլի 28-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ու Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի ներկայացուցիչների, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, ինչպես նաև Ֆրանսիայում գործող հայ փաստաբանների ու իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակը։
Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հետևողականորեն իրականացվող հայատյացության քաղաքականության դրսևորումները։
Անդրադարձ է կատարվել էթնիկ ու կրոնական ատելությամբ պայմանավորված պետական քաղաքականության այնպիսի դրսևորումներին, ինչպիսիք են ռազմական ավարի պուրակը, հայկական ժառանգության նմուշների ու հայկականության հետքերի վերացման Բաքվի վարչակազմի կոնկրետ գործողություններին, ադրբեջանական պետության ղեկավարի՝ ատելություն հրահրող ու հայատյացության խոստովանություն հանդիսացող հայտարարություններին։
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները հետաքրքրվել են հայ ռազմագերիների ու պահվող անձանց չվերադարձման ադրբեջանական մոտեցման պատճառների, միջազգային իրավական գործընթացների մասին։ Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի ներկայացուցիչներն անընդունելի ու դատապարտելի են համարել ռազմավարի պուրակի բացման ու երիտասարդ սերնդին ատելությամբ դաստիարակելու գործելակերպերի վերաբերյալ՝ շեշտելով, որ նման կազմակերպվածությամբ ատելության քաղաքականությունը նոր հանցագործություններ կարող է ծնել։