Այսօր ականատես եղանք, թե ինչպես են ընդդիմադիրներին պատկանող լրագրողները սպառնում ոստիկաններին։ Տեսանք, թե ինչպես են ակցիայի մասնակիցները շշեր նետում ոստիկանների ուղությամբ և ընդհուպ հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցնում, հրում ու փորձում հարվածել։ Այս մասին գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ տեսել ենք նաև, որ ոչ մեկ անգամ արդեն ակցիայի մասնակիցները հայհոյում և սպառնում են այլ կարծիք արտահայտող անցորդներին։
«Ակնհայտ է, որ ակցիայի մասնակիցները հետապնդում են իրավիճակը սադրելու և բախումներ հրահրելու նպատակ։
Հարկ է արձանագրել, սակայն, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը պատվով կատարում է հասարակական կարգը պահպանելու իր առջև դրված պարտականությունները և գործում է համաչափ և ժողովրդավարական պետության ոգուն համահունչ։
Որևէ մեկին չի հաջողվելու կասկածի տակ դնել ժողովրդավարությունն ու ժողովրդի իշխանությունը մեր երկրում»,- գրել է Հովհաննիսյանը։