«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիրների նախաձեռնած փողոցային պայքարի սկզբնական օրերին իշխանության օրենսդիրների շրջանակում քննարկել են «կոնտր» հանրահավաքներ անցկացնելու սցենարներ, ինչպես արեցին 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո։ Սակայն իրավապահ համակարգի պատասխանատուները Փաշինյանին հորդորել են՝ չգնալ նման քայլի, քանի որ իշխանության դեմ տրամադրված մարդկանց քանակն այժմ ավելի շատ է, քան պատերազմից հետո էր։ Եվ երկու հակադիր ճամբարների հավաքը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ։ ՔՊ-ականներից մեկը երեկ մեզ համոզում էր, որ իրենց վարկանիշը չի նվազել՝ այս օրերին իրենց հազարավոր քաղաքացիներ են զանգում, հորդորում հավաք կազմակերպել, որ Փաշինյանի աջակիցներն էլ իրենց խոսքն ասեն։ Մեր հարցին, թե այդ դեպքում ինչու հավաք չեն կազմակերպում, պատասխանեց․ «Վտանգավոր է»։
«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստա-նի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ընդգծեց, որ օրվա իշխանությանը հեռացնելուց հետո` հրապարակելու են այն 250 բարձրակարգ մասնագետների անունները, որոնք առաջիկա տարիներին կլինեն կառավարման համակարգի ու պետական ապարատի հենասյունը։ «Նրանցից չի պահանջվելու ո՛չ կուսակցականություն, ո՛չ հավատարմություն ինչ-որ մեկի անձի, ո՛չ ղազագիր։ Նրանք ուսապարկի կարգավիճակ չեն ունենալու, այդ մարդիկ ունակ էլ չեն այդպիսի վարքագծի։ Նրանցից շատ-շատերին դուք ճանաչում եք, նրանք մեր մեջ են»,- ասել էր Սաղաթելյանը։ Թե այդ 250 մասնագետներից ո՞վ է լինելու ընդդիմության վարչապետի թեկնածուն, փորձեցինք պարզել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից: Սակայն, նա վստահեցրեց, որ նման անուն դեռեւս չի շրջանառվում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 1 տարի 5 ամիս է, ինչ ԱԱԾ-ում քննվում է ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, սակայն դատելով իրավիճակից՝ նախաքննական մարմինը գործով անցնող անձանց մասով կոնկրետ տվյալներ չունի, թե ով ինչպես է հարվածներ հասցրել, եւ դեռ ավելին՝ միջադեպի ոչ բոլոր մասնակիցներին է կարողացել գտնել մինչ օրս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 նոյեմբերի 10-ին բռնություն կիրառելու մասով հարուցված քրեական գործով միջնորդություն է ներկայացվել ԱԱԾ-ին գործով մեղադրյալ Ժիրիկ Սիրեկանյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին, սակայն միջնորդությունը ԱԱԾ-ն մերժել է»:
«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է, թե ստեղծված իրավիճակում ով է առաջինը վայր դնելու պատգամավորական մանդատը: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` իշխանական օրենսդիրների վրա այս օրերին այնպիսի վերահսկողություն է սահմանված, որ անգամ խուսափում են մտածել ինչ-որ ինքնուրույն քայլեր կատարելուց, ուր մնաց` թե ռիսկ անեն մանդատ վայր դնել: Թեպետ որեւէ մեկը չի էլ շտապում մանդատները վայր դնել, որովհետեւ շատերը հազար ու մի վարկ ու հիպոտեկ ունեն վճարելու: Մյուս կողմից էլ` ինչ-ինչ խոստումներ են տրվել նրանց, թե Նիկոլ Փաշինյանն անգամ եթե հեռանա, իրենք կշարունակեն մնալ եւ իրականացնել օրենսդրական աշխատանքը` ժամանակավոր կառավարության դիրիժորությամբ: Սակայն բոլորովին այլ իրավիճակ է ընդդիմության շարքերում: Շշուկներ են պտտվում, որ ինչ-որ փուլում կգտնվի մեկը, ով առաջինը վայր կդնի մանդատը` դրանով շահելով ժողովրդի վստահությունն ու համապատասխան աթոռը` ձեւավորվելիք ապագա կառավարությունում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության պայքարին զուգահեռ, իշխանությունը հոգեբանական գրոհ է ձեռնարկում՝ ցույց տալով, թե իրենց դիրքերն ամուր են։ Մայիսի 8-ին Գորիսում ՔՊ-ականները մեծ շուքով կուսակցական գրասենյակ են բացել, որին մասնակցել է Երեւանից մեկնած «պաշտոնական դելեգացիա»՝ Արփի Դավոյանի գլխավորությամբ։ «Դելեգացիայի» մեջ են եղել նաեւ սյունեցի պատգամավորները։ Մեր աղբյուրներն ասում են, սակայն, որ թվացյալ միասնականության քողի տակ անհաշտ վիճակ է։ Գրասենյակի բացմանն էլ ուշագրավ միջադեպ է գրանցվել։ Նախկին փոխմարզպետ Կարո Ավանեսյանն իր անուն-ազգանունով ցուցանակ է փակցրել գրասենյակի աշխատասենյակներից մեկի վրա՝ ներկայանալով որպես տարածքային կառույցի ղեկավար։ Պատգամավոր Արմեն Խաչատրյանը, սակայն, նրան հիշեցրել է, որ նա ընդամենը եղել է ՔՊ նախընտրական շտաբի պետ, ապա հորդորել է հեռացնել ցուցանակը՝ հիասթափեցնելով, որ նա չէ նախագահը, դեռ պետք է որոշեն։ Կարո Ավանեսյանն էլ նեղացել է եւ այդ օրը ՔՊ-ական պատգամավորների հետ Գորիսի պանթեոն չի այցելել՝ հարգանքի տուրք մատուցելու»: