Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհիմն մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին ցույց են տալիս, որ Երևանն անկեղծ չէ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։
«Նիդերլանդների Կլինգենդելի միջազգային հարաբերությունների ինստիտուտում իր ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանին ուղղված անհիմն, այդ թվում՝ հումանիտար հարցերի հետ կապված կեղծ մեղադրանքները, ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունն անկեղծ չէ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է Աբդուլաևան:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ներկայումս վերականգնում է այն տարածքները, որոնք, նրա խոսքերով, «30 տարի շարունակ ավերվել են Հայաստանի կողմից»:
«Սակայն այդ շրջանների՝ ականապատ լինելու սպառնալիքը լուրջ խնդիր է ներկայացնում վերաբնակների շուտափույթ վերադարձի համար։ Դրա միակ պատճառը 30 տարի շարունակ Հայաստանի կողմից իրականացվող ագրեսիայի քաղաքականությունն է և նրա ապակառուցողական գործունեությունը»,-հայտարարել է Աբդուլաևան։
Նա նշել է, որ նման իրավիճակում տեղին չեն Հայաստանի վարչապետի մեղադրանքները Ադրբեջանի հասցեին առ այն, որ Բաքուն չի վերադարձնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։ Աբդուլաևան գերրիներին «դիվերսանտներ» է անվանել։
Աբդուլաևան հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար պետք են ոչ միայն խոսքեր, այլև գործողություններ․ «Բայց այն, որ Հայաստանի վարչապետը նախկինի պես հանդես է գալիս Ադրբեջանի դեմ անհիմն մեղադրանքներով, լրջորեն կասկածի տակ է դնում հանուն խաղաղության գործելու այդ երկրի ցանկությունը»։
Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզների հանձնումը ոչ թե մարդասիրական ժեստ էր Հայաստանի կողմից, այլ 2020 թվականի նոյեմբերին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ունեցած միջազգային պարտավորությունը: Նրա խոսքով՝ Հայաստանը մաս-մաս տրամադրել է Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզներ, սակայն դրանց ճշգրտությունը կազմել է ընդամենը 25 տոկոս։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մայիսի 11-ին ելույթ ունենալով Կլինգենդելի միջազգային հարաբերությունների Նիդերլանդների ինստիտուտում, հայտարարել էր, որ առնվազն 38 հայ ռազմագերիներ մինչ օրս մնում են Ադրբեջանում, և ադրբեջանական կողմը փորձում է այդ հարցը դարձնել քաղաքական սակարկության առարկա:
«Ցավոք, ի խախտումն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի և ի հեճուկս բազմաթիվ միջազգային կառույցների կոչերի, 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված մեր քաղաքացիները չեն վերադարձել հայրենիք։ Սա դատապարտելի պրակտիկա է մարդկանց քաղաքական նպատակներով օգտագործելու և առևտրի առարկա դարձնելու տեսանկյունից»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը ռազմագերիներին օգտագործում է ականապատ դաշտերի քարտեզների հետ փոխանակելու համար։