Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ կետերը հայկական կողմն արձանագրել և նշել է, որ ներկայացրել է սեփական 6 կետանոց դրույթները, բայց այստեղ խնդիրը ոչ թե կետերի քանակի մեջ է, այլ կետերի բովանդակության մեջ: Այս մասին այսօր Armenia Тoday-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին և այդ համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներում արձագանքին:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներ կատարած իր այցի ընթացքում նշել էր.«Վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք փորձ են անում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ մենք ձեռք ենք բերել Բրյուսելում և պետք է արձանագրեմ, վերահաստատեմ իմ դիրքորոշումն այսօր նաև հրապարակային, նաև պաշտոնապես, նաև ձեր առաջ, որ մենք նշված սկզբունքների հիման վրա և օրակարգի հիման վրա պատրաստ ենք բանակցությունների»:
Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը՝ անհրաժեշտ է անդրադառնալ խնդրահարույց կետերին՝ մի կողմից պահպանելով տարածաշրջանային կայունությունը, անվտանգությունը, մյուս կողմից՝ պաշտպանելով ազգային, անվտանգային մտածելակերպի մեջ առկա կարմիր գծերը: Նա նկատեց, որ հայ-ադրբեջանական երկկողմ հարցերը՝ հատկապես կապված սահմանների, խաղաղության պայմանագրի հարցերի հետ, պետք է դիտարկել ավելի լայն տարածաշրջանային համատեքստում: Ըստ նրա՝ Արցախի խնդրի կարգավորման հարցում պետք է նաև հաշվի առնել այն սկզբունքները, որոնք հայկական քաղաքական էլիտան շեշտադրում է վերջին ավելի քան 30-ից տարում՝ կապված Արցախի ինքնորոշման, ճանաչման անքակտելիության հետ:
«Բացի այս ամենը, մենք ունենք երկկողմ հարցեր՝ ռազմագերիների խնդիրը, և այդ հարցում Ադրբեջանի իրականացրած շանտաժը ցույց է տալիս՝ որպես պետության, վարչակարգի անմարդկային բնույթը: Ու այս ամենի հետ կա նաև խնդիրներ՝ կապված ապաշրջափակման հետ, որի մեջ հայտնվել և շարունակում է հայտնվել Հայաստանը, ինչը ևս, Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ համատեղ, շարունակում է սպառնալիքի տարր օգտագործել: Արդյունքում՝ մենք ունենք իրավիճակ, որ երբ որքան էլ Հայաստան կողմի հռետորիկան ներկայացված լինի խաղասիրական բնույթի, որքան էլ լինի հումանիստական, մենք հանդիպում ենք քաղաքական պրակտիկայի հետ, որտեղ Ադրբեջանի ղեկավարին այդ հռետորիկան ինչ-որ իմաստով խորթ է, որովհետև ինքը հասկանում է միայն կոշտ ուժ: Այս լեզվով խոսել տվյալ պահին բարդ է, բայց, ըստ էության, ուժեղացնելով հայաստանյան պետությունը, վերադարձնելով հայաստանյան կարգավիճակը՝ որպես տարածաշրջանի քաղաքականության մեջ կարևոր սուբյեկտի՝ կարելի է իրականացնել այն քայլերը, որոնք հայկական պետությունը նշել է իր անվտանգային ծրագրի մեջ և նաև համահունչ է հասարակության տրամադրություններին»,- ասաց նա
Ալեքսանդր Մարգարովն ասաց, որ որ երկու կողմերն ունեն սեփական պատկերացումներ տարածաշրջանային զարգացման կոնցեպտի վերաբերյալ, որոնք միշտ չէ, որ համընկնում են: «Ադրբեջանի դիրքորոշումը սկզբունքորեն տարիներ շարունակ չի փոխվում, խնդիրն այն է, որ Հայաստանի պատկերացումները տարածաշրջանային համատեղ բնակվելու վերաբերյալ պետք է լինեն համահունչ ոչ թե ադրբեջանական պատկերացումներին, այլ այն պատկերացումներին, գաղափարախոսությանը, որը բնութագրել է և բնութագրում է հայկական պետությունը սերունդներ առաջ և սերունդներ հետո»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե այս հռետորաբանության տարբերությամբ ինչպե՞ս է պատկերացնում սահմանզատման և սահմանագծման հանձաժողովի աշխատանքները, քաղաքագետն ասաց.«Սկզբունքային խնդիրն այն է որ դեմարկացիայի և դեմիլիտացիայի հարցն իրականացվում է այն երկրների միջև, որոնք ունեն խաղաղ, իրար հարգող և իրար նկատմամբ ատելության բացակայող զգացումներ, այս տեսանկյունից, այս գործընթացը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ մենք կարող ենք մոտ լինել Ադրբեջանի հետ խաղաղությանը: Առայժմ դիտարկելով Ադրբեջանի քայլերը՝ դժվար կարող ենք ասել, որ այս գործընթացը կարող է սկսվել շուտափույթ»:
Անդրադառնալով Դուշանբեում նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ Ալեքսանդր Մարգարովն ասաց, որ տեսականորեն նախկին հանդիպումների բնույթի շարքից է լինելու, որտեղ կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնելու շարունակել բանակցային գործընթացը այն կետերի շուրջ, որոնք հնչեցված են եղել 2021 թվականին, և նորից խոսքը կլինի այն մասին, որ անհրաժեշտ է հետևել այն փաստաթղթի ոգուն, որը ստորագրված է եղել 2020 թվականին, որքան էլ այն ցավալի բովանդակություն ունենա հայկական պետությունների համար:
«Արտգործնախարարների հանդիպումը չի ներշնչում պոտենցյալ առաջընթացի ենթադրություններ, այս հանդիպումը դժվար թե կրի այնպիսի բնույթ, որտեղ կարելի է սպասել ինչ-որ հեղափոխական հայտարարոթյուններ»,- ասաց նա: