Մայիսի 18-ին՝ 09։30-ի դրությամբ, բողոքի ակցիաների 73 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Բերման ենթարկվածները խախտել են ՔՕ 182-րդ հոդվածը՝ չեն ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին։
Հայտնի է, որ փակվել են Իսահակյան փողոցը, Մատենադարանի հարակից փողոցը, Նալբանդյան-Թումանյան խաչմերուկը, Պուշկին-Նալբանդյան, նաև վարչական այլ շրջանների մի շարք փողոցներ։
«Դիմադրություն» շարժումն առավոտյան 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Նախօրեին ոստիկանություն ընդհանուր հաշվով 417 մարդ է բերման ենթարկվել։ Իսկ երեկոյան մեծ հանրահավաքից ու քայլերթից հետո ընդդիմությունը որոշեց կրկնակի թափով շարունակել ակցիաները այսօր։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։