Սահմանադրական փոփոխությունների առնչությամբ Վենետիկի հանձնաժողովին դիմելու հարցով քննարկում չի եղել «Իմ քայլը» խմբակցությունում, ավելին, դա ոչ թե խմբակցության, այլ ԱԺ նախագահի որոշման տիրույթում է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին լրագրողներին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ համազեկուցողների կոչին։
«Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է: Այս դեպքում ԱԺ նախագահը կորոշի՝ դիմե՞լ, թե՞ ոչ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այստեղ մտահոգություն չի տեսնում, քանի որ հանրաքվեն Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված գործընթաց է՝ ժողովրդի իշխանության ուղղակի իրացման գործընթաց:
«Արդեն մենք մտել ենք իրավական կարգավորումների փուլ: Նախ` պետք է Ազգային ժողովի նախագահը ստորագրի և յոթնօրյա ժամկետում ուղարկի հանրապետության նախագահին: Հանրապետության նախագահը ստանալուց հետո ունի եռօրյա ժամկետ՝ հանրաքվե նշանակելու համար: Սա իրավական ընթացք է»,- ասել է Սահմանադրական փոփոխությունների նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Հայաստանի իշխանություններին Սահմանադրությանը և դրան առնչվող փոփոխությունների վերաբերյալ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովից: Այս մասին նշված է ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման համազեկուցողներ Անդրեյ Շիրչելի և Կիմմո Կիլյունեի հայտարարության մեջ: