ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի հունիսի 3-ին` ժամը 16:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու որոշում է կայացվել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
ԱԺ կայքում նշված է, որ օրակարգում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծն է՝ ներկայացված ընդդիմադիր խմբակցությունների կողմից։
Հիշեցնենք, որ արտահերթ նիստ հրավիրելու մասին երեկ հայտարարել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ շեշտելով, որ իրենք խորհրդարան են գնալու իրենց օրակարգով։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները արդեն շուրջ մեկ ամիս է՝ բոյկոտել են ԱԺ նիստերը։ Ձևավորված «Դիմադրություն» շարժումը, որի կազմում նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն են, արդեն շուրջ մեկ ամիս՝ 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ են իրականացնում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։ Պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։