Եթե քննարկում ենք իրավական բնույթի հարց, ապա իրապես դուրս ենք իրավական դաշտից, եթե քննարկում ենք քաղաքական բնույթի հարց, ապա քաղաքական մեծ սխալի ճանապարհին ենք, եթե քննարկում ենք ինչ-որ մարդկանց խնդիր լուծելու հարց, ապա ափսոս ենք, որ քննարկում ենք այդ։ Այս մասին, այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին։
Ըստ պատգամավորի՝ այսօր ամենահեշտը հանրապետականին հիշելն ու հայհոյելն է, նրանց հասցեին ինչ-որ բան ասելը, նախկիններին մեղադրելը, բայց երկու տարի անց կան ներկաները և ակնկալիքները այսօրվաններից են։ Մարուքյանը վստահ է, որ առավել քան հեշտ է նրանց, ովքեր համաձայն չեն այս գործընթացի հետ, դիտարկել որպես Հրայր Թովմասյանի կամ նախկինների պաշտպան։
«Հասկանանք՝ ինչ ենք մենք անում․ մեծ սխալ քայլ, գործընթացը ժամը մեկից սկսվելուց սկսած հակասահմանադրական է։ Արվում է նման քայլ՝ քաղաքական խնդիր լուծելու համար, դա իշխանության խնդիրն է, ոչ ժողովրդինը»,-ընդգծեց պատգամավորը։
Մարուքյանը նշեց, որ իր բարձրացրած հարցերին, այն է՝ քանի մարդ է գնացել և բախվել ՍԴ պատին, քանի բարեփոխում է այս ՍԴ-ն տապալել, պատասխան չի ստացել, բայց եթե կա նպատակ մեկ հոդվածով յոթ դատավորի լիազորություն դադարեցնել, պետք չէ ժողովրդին հասցնել տեղամասեր, ԱԺ-ում կարելի է գործընթացն ավարտել։
«ՀՀ տնտեսությունը կարիք ո՞ւնի մինչև մայիս ամիսը քարոզարշավի մեջ մտնել։ ՀՀ ներդրողները ներվեր ու հավես ունե՞ն ընտրական գործընթաց նայելու։ Ասում եք ՝ սևերի մեդիա, բա սևերի մեդիան ամեն օր քարոզարշավի մեջ է լինելու՞, բա իրենց եք այդ հնարավորությունը տալիս։ Ինչո՞ւ եք օգնում Սերժ Սարգսյանին»,- նշեց նա։
Էդմոն Մարուքյանը կոչ արեց կարդալ հանրաքվեի մասին օրենքը, որով ենթադրվում է, որ քարոզարշավը տևելու է 60 օր։ Նա համոզմունք հայտնեց, որ պետությանը դա պետք չէ՝ հաշվի առնելով, որ ԼՂ ընտրություններ են սպասվում։
«Արժե՞ Հրայր Թովմասյանի համար այդքան բան արժեզրկել և զոհաբերել։ Կարծում եմ՝ ոչ։ Հասնել նրան, որ միջազգային կառույցներում մեր վերաբերյալ հայտարարություններ ընդունվեն»,-նշեց պատգամավորը՝ կոչ անելով ժողովրդին չգնալ տեղամասեր, քանի որ արդեն իրենք տվել են մանդատն իշխանությանը և լիազորել նրանց խնդիրներ կարգավորել։ «Գործող իշխանությունն ունի բացարձակ իշխանություն։ Ուզում եք մեզ համոզեք, որ Հրայր Թովմասյնան էր Ձեզ խանգարում, նրան անիմաստ հերոս եք դարձրել»,-եզրափակեց իր խոսքը Մարուքյանը։