Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահների հանդիպումից հետո նրանք հանդես եկել հայտարարություններով։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը տեղեկացրել է, թե ինչ հարցեր են քննարկել։
Խաչատուրյանը հայտարարել է, որ ի թիվն այլ հարցերի՝ հատուկ ընդգծվել է հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձվելու անհրաժեշտությունը և մարդասիրական հարցերի շուտափույթ լուծումը։
«Քննարկվել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մշակութային կոթողների պահպանության անհրաժեշտությունը»,- շեշտել է ՀՀ նախագահը։
Պաշտոնական այցով Հայաստան այցելած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչ խոստացել է հայ ռազմագերիների մասին բարձրացրած հարցին հետամուտ լինել և քայլեր ձեռնարկել։ Նա ասել է, թե հարգում են հայկական կողմի ձեռնարկած քայլերը տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու և կայունություն պահպանելու ուղղությամբ։
«Ուզում ենք, որ Ադրբեջանի հետ քաղաքական ճանապարհով խաղաղության հասնեք․ անհամբեր ենք այդ հարցում։ Դուք փնտրում եք ճիշտ լուծումներ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ տարածաշրջանում տևական կայունության պահպանությունն արագ կզարգացնի նաև տնտեսությունը։