«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասան կառավարության 3-րդ մասնաշենք՝ պահանջը ներկայացնելու։ Սակայն մուտքի դիմաց բախվեցին ոստիկանական շղթայի հետ։
Նրանք փոխոստիկանապետ Կամո Ցոցուլյանին տեղեկացրին, որ ցանկանում են՝ ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները բարձրանան նախարարությունների շենք, հանդիպեն կոնկրետ նախարարներին՝ հասկանալու, թե կո՞ղմ են այն փաստաթղթին, որը հրապարակվել է։
Ավելի ուշ հրմշտոց սկսվեց, որի հետևանքով ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր իրենց հայտարարության տեքստում ամրագրված պահանջները. «Յուրաքանչյուր պաշտոնյա հայտնի հստակ դիրքորոշում. Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու: Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է: Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով: Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը: Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»: