Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր դրեց մանդատը: Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նա գրառում է արել` հայտնելով իր որոշման մասին։
«Սիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ իմ ներողամտությունը և անհամատեղելի համարում աշխատանքս Երևան քաղաքի ավագանիում։ Ես վայր եմ դնում մանդատս»,–գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության այսօր հրատապ նիստ էր գումարել։ Ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը նշել էր, որ «Իմ քայլը» խմբակցության քննարկման ժամանակ խմբակցության անդամ Հարթենյանը համաձայնել է մանդատը վայր դնել, և նա ինքն էլ հայտարարությամբ հանդես կգա։
Նշենք, որ Հենրիկ Հարթենյանն իր ֆեյսբուքյան էջի «սթորի» բաժնում հրապարակել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջն ու գրել. «Ժողովուրդ, սա Հրայր Թովմասյանի աղջկա էջն է, դե՝ ձեզ տեսնեմ»: