Այսօր մեր նպատակը շենք շրջափակելը չէ։ Մենք այստեղ ենք մեր ուղերձը փոխանցելու համար։ Այս մասին ԱԳՆ-ի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանը հայտնեց, որ «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել է ԱԳՆ-ի շենք՝ ուղերձ փոխանցելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը դիմել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
«Մենք պետք է արձանագրենք, որ իշխանության ղեկին գտնվող մի խումբ մարդիկ միայն ֆորմալ առումով են իշխանության գլուխ, նրանք այլևս չեն ներկայացնում հայ ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը»:
Վարդևանյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը եղել և լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի դաշնակիցը, սակայն վերջին 4 տարիներին մի խումբ մարդիկ, որոնք ֆորմալ առումով գտնվում են իշխանության ղեկին, ամեն ինչ արել են, որպեսզի սպառնալիքներ ստեղծեն Ռուսաստանի և Հայաստանի նկատմամբ։
«Մենք վստահ ենք, որ մոտ ժամանակներս, երբ դե յուրե այդ խումբն այլևս իշխանության չլինի, այդ սպառնալիքները վերացվելու են, և Հայաստանը լինելու է ուժեղ երկիր՝ Արցախի անվտանգության իրական երաշխավորը հանդիսացող երկիր»,- ընդգծել է Վարդևանյանը։
Նշենք, որ այսօր՝ ժամը 12։00-ին, սպասվում է Միրզոյաան-Լավրով հանդիպումը, որին հաջորդելու է մամուլի ասուլիս։
Մանրամասները՝ տեսանյութում։