«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան դժվարացավ ասել, թե ինչ նկատի ունի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, երբ հայտարարում է, թե Փառուխի հարցը քննարկվելու է Հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովի աշխատանքների արդյունքում։
«Մենք ներկայացրել ենք մեր կարմիր գծերն Արցախի հարցում։ Եվ այսօր «Դիմադրություն» շարժումը հենց դրան է վերաբերվում։ Եթե մարդիկ կարծում են, որ այս շարժումն ինչ-որ ձև կարող է նպաստել հակառակորդի սադրանքին, ուրեմն, երկու բան պետք է նկատի ունենալ։ Հասարակ սադրանքին ՀՀ-ի և Արցախի իշխանությունները պետք է պատրաստ լինեին, պետք է բանակը վերափոխեին, բայց չկատարեցին»,- նկատեց նախկին պաշտոնյան՝ հավելելով, որ շարժումը բարձրացնում է պայքարի ոգին։
Հիշեցնենք, որ լրագրողը Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովից հետաքրքրվել է, թե խաղաղապահ զորախմբի կողմից ուսումնասիրվե՞լ են արդյոք ադրբեջանական զորքերի՝ Փառուխ ներխուժման հանգամանքները և ի՞նչ է արվում, որպեսզի ադրբեջանական զորքերը վերադառնան ելման դիրքեր։
Պատասխանելով հարցին՝ Լավրովը նշել էր․ «Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակն առաջնահերթություն է ռուս զինվորականների համար, և արդեն իսկ որոշակի արդյունքներ կան իրավիճակի հանգուցալուծման հետ կապված։ Եվ մենք փոխըմռնում ունենք, որ մեկնարկող սահմանագծման գործընթացի շրջանակում այդ հարցերը կքննարկվեն և լուծում կստանան»։
Հետո գերատեսչության կայքում տեղադրվել է Լավրովի խոսքը, բայց սրբագրված տարբերակով։
Գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ռուս նախարարը հայտարարել է. «Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա ռուս զինվորականներն (մեր հայ բարեկամներն այդ մասին քաջատեղյակ են) այն պահում են «որպես իրենց առաջնահերթություններից մեկը։ Այնտեղ արդեն որոշակի արդյունքներ կան «հողի վրա» իրավիճակի դեէսկալացիայի տեսանկյունից։ Հուսով ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Փառուխի տիպի միջադեպերի կանխարգելմանը»:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը չի նախատեսում Ղարաբաղի վերաբերյալ հարցերի քննարկում: