Այն, ինչ դրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների սեղանին, թափանցիկ է և հրապարակային։ Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան, թե ինչ փուլում է գտնվում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ազգային հանձնաժողովի ստեղծումը և ովքեր են լինելու դրա անդամ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։
Նշվում է, որ այս մասին մայիսի 25-ին Ազգային ժողովում կառավարության ժամին խոսել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ կարելի է ասել, որ ըստ էության՝ ընթանում են բանակցություններ բանակցությունների մասին։ Ելնելով վերոգրյալից՝ տեղեկացնում ենք, որ որևէ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ քննարկումների դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանում։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կսկսվեն անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը, իր հերթին, կստեղծի համապատասխան հանձնաժողով։