«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրված, երեկ էլ իշխանությանն առընթեր ՀԿ-ների եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում լսումներ էին անցկացնում։ Ինչպեսեւ գրել էինք՝ ՔՊ-ն հերթական անգամ ԸՕ-ն վերաձեւում է իր «հագով»․ նախագծի հիմնական բանախոս Վահագն Հովակիմյանը լսումների ժամանակ՝ բացման խոսքում ասաց, թե իբր փոփոխությունների անհրաժեշտությունն առաջ է եկել 2021 թվականի խորհրդարանական եւ ապա՝ անցած տարեվերջի ՏԻՄ ընտրություններից հետո, եւ որ լրացումներն ավելի շատ տեխնիկական բնույթ են կրում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ 600 հազար դրամ աշխատավարձ եւ 250 հազար դրամ էլ հավելյալ գումար ստացող ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Էդուարդ Աղաջանյանն այս տարվա ապրիլի 2-3-ը Գորիս է մեկնել պետական բյուջեի միջոցների հաշվին: Օրաթերթը տեղեկացավ, որ նրա հետ միասին Գորիս դարձյալ պետբյուջեի հաշվին մեկնել են պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սարգիս Խանդանյանը, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Շահբազյանը, Ազգային ժողովի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Էդուարդ Կարապետյանը եւ նույն վարչության անձնագրային սպասարկման բաժնի կրտսեր մասնագետ Էրիկ Մելքոնյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Սարմեն Ամիրյանը նշանակվել է Իջեւանի սպորտդպրոցի տնօրեն: Նա աշխատում էր Իջեւանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ մեկ հիմնական դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Սա այն դպրոցն է, որտեղ սովորել է Նիկոլ Փաշինյանը: Մեզ ասացին, որ Ամիրյանը բարձրագույն կրթություն չունի, 2000-ականների կեսերին ընդամենը ինչ-որ տեխնիկում է ավարտել, այն էլ` այժմյան ոստիկանապետ Վահե Ղազարյանի մոր հորդորով, որն այդ տարիներին Իջեւանի թիվ մեկ դպրոցի տնօրենն է եղել: Շուրջ տասն օր մենք փորձում էինք Իջեւանի քաղաքապետարանից պաշտոնապես ճշտել՝ Սարմեն Ամիրյանն ունի՞ բարձրագույն կրթություն, թե՞ ոչ, եւ եթե չունի՝ ինչպե՞ս է տնօրենի պաշտոնակատար նշանակվել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ քննչական կոմիտեում Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բացատրություն տալու գործընթացից: Օրաթերթին հայտնի դարձավ, որ կոմիտեի քննիչը միացրել է ձայնագրությունը եւ կոնկրետ հարցեր տվել՝ զրույցի հետ կապված, թե ինչ նկատի ունի նա՝ ասելով, որ իր սկզբունքների դեմ չի գնա: Ի պատասխան՝ Ռուբեն Վարդազարյանը ասել է այն, ինչ հունիսի 20-ին հրապարակային ասել էր մամուլի ասուլիսի ժամանակ: Կոմիտեի քննիչի կողմից հնչել են նաեւ հարցեր, որոնք չեն վերաբերել Վարդազարյանին, ինչին ի պատասխան՝ Ռուբեն Վարդազարյանը քննիչին ասել է, որ այդ հարցերը պետք է ուղղել ոչ թե իրեն, այլ Գագիկ Ջհանգիրյանին: Ըստ էության, Վարդազարյանը որեւէ լրացուցիչ տեղեկություն նախաքննական մարմնին չի հայտնել, նա բացատրության մեջ ասել է այն, ինչ խոսել է հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին։ Ստացվում է, որ առաջիկայում Գագիկ Ջհանգիրյանը եւս պետք է բացատրություն տա կոմիտում, իսկ կգնա նա նախաքննական մարմին, թե ոչ, կիմանանք՝ հետեւելով զարգացումներին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 27-ի ԱԺ արտահերթ նիստով համալրվելու են վճռաբեկ դատարանի թափուր տեղերը։ ԲԴԽ-ն 10 տեղի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Վճռաբեկի վարչական պալատի դատավորի 1 տեղի համար պայքարող 3 թեկնածուից ՔՊ-ն ընտրելու է ոչ թե իրենց հավատարիմ Արամ Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանին, այլ՝ Լիանա Հակոբյանին։ Նա այն դատավորն է, որը հետ էր վերադարձրել ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վարչական բողոքը՝ Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Գասպարյանը պահանջել էր՝ իրեն պաշտոնից ազատելու հրամանագիրն առոչինչ ճանաչել, դատավորն առաջարկել էր՝ կա՛մ փոխել պահանջը, կա՛մ իր որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում։ Հետո վերաքննիչը բավարարել էր բողոքը եւ հիմնավոր չէր համարել դատավոր Լիանա Հակոբյանի եզրահանգումը»։