Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները և աշնակցային համագործակցության զարգացման հույս ունի։ Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում բանակցություններ սկսելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Աշխարհում տիրող իրավիճակը պահանջում է կարծիքների և գնահատականների մշտական փոխանակում, պայմանավորվածություններ, որոնք հաշվի կառնեն միմյանց շահերը, ինչպես դաշնակիցների միջև վայել է՝ փետրվարին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի լույսի ներքո»,- ասել է Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ նախօրեին ինքը «մանրամասն, գործնական, գաղտնի զրույց» է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում դիտարկվել են երկու երկրների փոխգործակցության բոլոր հիմնական ոլորտները։
«Այն ազդակները, որ տալիս են մեզ մեր ղեկավարները, հստակորեն հաստատվել են, և մենք հստակ հասկանում ենք, թե ինչպես պետք է աշխատել այս բոլոր ոլորտներում՝ տնտեսության և ներդրումային, ֆինանսական, սոցիալական, հումանիտար ոլորտում և իհարկե արտաքին քաղաքական գործողությունների համակարգման ոլորտում»,- ասել է Լավրովը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին նշել է, որ այս բանակցությունները լավ հնարավորություն են՝ քննարկելու «ռուս-ադրբեջանական համագործակցության լայն օրակարգը, համագործակցությունը տարբեր հարցերի շուրջ»։
Բայրամովն ասել է, որ ակնկալում է բանակցությունների ընթացքում քննարկել ինչպես երկկողմ օրակարգը, այնպես էլ տարածաշրջանում և գլոբալ մակարդակով տեղի ունեցող գործընթացները։