Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խումբը կարողացավ մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերում, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի TACC-ի թղթակցին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Կառուցողական եմ համարում Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Սա, իհարկե, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման վերաբերյալ»,- ասել է նա։
ՀՀ կառավարության նախագահի տեղակալի խոսքով, «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են ճանապարհային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու հետագա օգտագործման հետ կապված հարցերի մշակումը»։
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այնուհետև այդ նպատակով որոշվել է երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կենտրոնանալու է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։