Նոյեմբերի 23-ին ճանապարհային ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խորհրդակցության սկզբում Արման Սարգսյանը խոսել է ճանապարհային ոստիկանության ծառայության մասին՝ նշելով, որ ճանապարհային ոստիկանը պետք է լավ իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, քաղաքացիների հետ շփումներում լինի գրագետ ու բարեհամբույր, նաև վճռական՝ իրավախախտներ հայտնաբերելիս։
Արման Սարգսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև ճանապարհային ոստիկանությունում կոռուպցիայի և արատավոր երևույթների խնդրին և նշել, որ օրինախախտները հայտնաբերվում և ենթարկվում են պատասխանատվության։
Խորհդակցության ավարտին ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են մեդալով, կրծքանշաններով ու պատվոգրերով։
Արման Սարգսյանը շրջայց է կատարել ճանապարհային ոստիկանությունում, ծանոթացել խախտումների արձանագրման և օպերատիվ կառավարման կենտրոնների աշխատանքին։